Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, որը 25 տարվա բանտարկության պատիժ է կրում կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների համար, շտապ հոսպիտալացվել է ինքնազգացողության վատթարացման պատճառով, հայտնում է Comercio պորտալը:

Ֆուխիմորիին բուժող բժիշկն ասել է, որ նրա մոտ արյան ճնշման կտրուկ անկում է գրանցվել: Առիթմիայի ֆոնին որոշվել է նրան հոսպիտալացնել:

Նա վերջին անգամ հոսպիտալացվել էր սեպտեմբերին:

Ֆուխիմորին օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում: Չնայած դրան, նրան ավելի վաղ մերժել են համաներել եւ տնային կալանքի փոխադրել: Համաներման նախագահական հանձնաժողովի կարծիքով՝ նա մահացու հիվանդությամբ չի տառապում, առկա չէ նաեւ ուղեղի գործունեության լուրջ խանգարում, ինչը կարող էր համաներման համար մարդասիրական հիմք ծառայել:

Ֆուխիմորին Պերուի նախագահն է եղել 1990-ից 2000 թվականներին: Այս ընթացքում նրան հաջողվել է գործնականում ամբողջությամբ ոչնչացնել ձախ մաոյական «Լուսավոր ուղի» խմբավորումը, որը երկար տարիներ երկիրը վախի մեջ էր պահում:

Սակայն իր կառավարման տարիներին Ֆուխիմորին, դատարանի եզրակացությամբ, թաթախվել է կոռուպցիայի մեջ եւ յուրացրել նվազագույնը 200 մլն դոլար: Նրան մեղսագրվում են նաեւ սպանությունների հրամաններ արձակելու, կաշառքի, հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումների եւ լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին կաշառելու հանցարարքներ: