«Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողներին, որոնք անցած շաբաթ կառավարությանը նամակ են հանձնել, դեռ չեն պատասխանել: NEWS.am-ի հետ զրույցում «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նշեց, որ նամակն հանձնել են կառավարության ներկայացուցչին, որին պատասխանելու են 15 օրվա ժամկետում:

 Տնտեսվարողները վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջում են վերահսկողության տակ վերցնել «Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսվարողների վերաբերող խնդիրը եւ հնարավորինս արագ լուծում տալ դրան:

Տնտեսվարողները պնդում են, որ պատահական են տեղեկացել, որ իրենց հաշվեհամարների եւ գույքի վրա կալանք է դրված:

 «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն էլ նշեց, որ  «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Նրա խոսքով, «Աշտարակ կաթ»-ում գործել է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։