«Ցեղասպանության տարիներին ալեւիները հայերին ընդունելով, նաեւ ամուսնացել են նրանց հետ, այդ պատճառով այսօր շատ ալեւիներ հայտնում են, որ հայկական արմատներ ունեն»։ Այս մասին մարտի 6-ին՝ Եվրոպայում բնակվող ալեւիներ կառույցների ներկայացուցիչների Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ հայտարարեց Գերմանիայում բնակվող ալեւիներին համայնքի ղեկավար Յումաս Քարամանը (ֆոտոռեպորտաժ)։
«Ցեղասպանության տարիներին բազմաթիվ ալեւիներ ընդունել եւ այդպիսով, փրկել են հայերին կոտորվելուց, ապա շատ ալեւիներ նաեւ ամուսնացել են հայերի հետ, դրա հետ է կապված մեր օրերում բազմաթիվ ալեւիների հայտարարությունները, թե իրենք հայկական արմատներ ունեն»,–նշել է նա։
Նրա խոսքով, հայերն ու ալեւիները երկար տարիներ ապրել են միասին, ինչպես նաեւ ճնշվել են օսմանյան եւ ապա նաեւ թուրքական իշխանությունների կողմից։ «Մենք այստեղ ենք, որ ցույց տանք՝ մենք հայերի հետ ենք։ Մեր նպատակն է հավասար իրավունքներ հաստատել ժողովուրդների եւ փոքրամասնությունների համար, իսկ դրա համար պետք է իրար ճանաչել եւ համագործակցել»,–նշել է Գերմանիայում ալեւիների ներկայացուցիչը։
Նա հայտնել է նաեւ, որ մինչեւ Ծիծեռնակաբերդ այցելելը, նրանք եղել են նաեւ ԱԺ–ում, որտեղ հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովի հետ. «Հանդիպումն անցավ լավ մթնոլորտում։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին համագործակցության առումով»,–նշել է նա։
Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կորդինացիոն խորհրդի անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն էլ նշել է, որ Եվրոպայում բնակվող ալեւիների նպատակը հայերին աջակցություն հայտնելն է. «Թուրքական քաղաքականությունից տուժած եւ հալածված ժողովուրդները պետք է միավորվեն եւ իրենց ձայնը բարձրացնեն իրենց իրավունքների պաշտպանության համար։ Նա նաեւ հավելել է, որ այցի նախաձեռնողն ալեւիներն են եղել, իսկ այցը կտեւի երեք օր։ Վաղը պատրաստվում են այցելել նաեւ բուհեր, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Իսկ երրորդ օրը նրանք հատուկ հայտարարություն են պատրաստել, որ ցանկանում են ներկայացնել»,–նշել է նա։



























