News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արջի երկու ձագուկներ հանգիստ խաղում են իրենց մոր հետ կենդանիների արգելավայրերից մեկում այն բանից հետո, երբ Daily Mirror-ի ընթերցողները նրանց փրկեցին ճաղավանդակներում մնալուց, գրում է mirror.co.uk կայքը: 

Փոքրիկ Կոկոյին ու նրա եղբայր Լուկային մոր՝ Դաշայի հետ շուտով բաց կթողնեն վայրի բնության գրկում:

Երբ բրիտանական բարեգործական կազմակերպությունը Դաշային փրկեց Հայաստանում մի ռեստորանի տարածքում գտնվող նեղ ճաղավանդակից, ոչ ոք չգիտեր, որ նա հղի է: Մի քանի ամիս անց նա ձագեր ունեցավ: Դրանից հետո 7 ամսական արջուկներն ու նրանց մայրիկը հատուկ փակ տարածքում էին, որտեղ մարդկանց հետ գրեթե շփում չեն ունեցել: Սա կարևոր քայլ էր նրանց համար, որպեսզի կարողանան միայնակ գոյատևել լեռներում:

Բրիտանական Սասեքսում գործող Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպության ղեկավար Ալան Նայթն ասել է, որ Mirror-ի ընթերցողների նվիրատվությունները հնարավոր են դարձրել իրենց աշխատանքը:

«Սկզբում թվաց, թե Դաշան հիվանդացել է, սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ նա հղի է: Նախ առաջին փոքր գլուխը երևաց, ապա մենք հասկացանք, որ շուտով մի ձագ էլ է ծնվելու: Դա հիանալի ակնթարթ էր»,- գրում է Mirror-ը:

Հեղինակները գրում են, որ Հայաստանում գորշ արջերին հաճախ պահում են ռեստորանների կամ առևտրի կենտրոնների մոտ գտնվող վանդակներում: Սակայն այժմ Կենդանիների պաշտպանները ստացել են իշխանությունների աջակցությունը և աշխատում են Հայաստանի հիմնադրամի հետ՝ վայրի բնության պաշտպանության ուղղությամբ. նպատակ է դրվել ազատել մինչև 80 արջերի:

Նշվում է, որ 5800 ակր հողատարածք է նախանշվել, որը պետք է դառնա պաշտպանված տարածք, ուր արջերը կկարողանան շրջել՝ մինչև վայրի բնություն բաց թողնվելը, սակայն առայժմ անհրաժեշտ է 80.000 ֆունտ հավաքագրել:

«Հայաստանում տեսակետները փոխվում են: Ամենակարևորն այն է, որ տեղի բնակչությունը մեր կողմն է,- ասել է Ալանը:- Համոզված եմ, որ Mirror-ի առատաձեռն ընթերցողները կօգնեն աշխատանքն ավարտին հասցնել»:

Տպել
Ամենաշատ