News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականին Հայաստանում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մասնաբաժինը կկրճատվի մինչեւ ՀՆԱ-ի  0.25 տոկոս: Այս մասին հոկտեմբերի 24-ին Երեւանում Եվրասիական համագործակցության 3-րդ համաժողովում հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ 2016-ին գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմել է ՀՆԱ-ի 0.27 տոկոսը:

«Դժվար է գտնել այլ երկիր, որն այդքան քիչ է աջակցում գիտության ոլորտին:

Ավելին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ապահովում է 82 կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորումը, որոնցից 33-ը ՀՀ ԳԱ-ի  կազմում են: Մնացածը համալսարաններ, ճյուղային ինստիտուտներ են եւ այլն: Հայաստանում կան բազմաթիվ գիտական կազմակերպություններ, բայց քիչ գումար կա», - ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով գիտահետազոտական եւ փորձա-կոնստրուկտորային աշխատանքների ֆինանսավորման պակասը լրացնելու համար, նման կառույցները ստիպված են միջազգային համագործակցության կամ ռուսական գիտական կենտրոնների հետ համագործակցությանն ապավինել. առանց դրա անհնար կլիներ անգամ ավանդական գիտական ուղություններն ապահովելը, որոնք զարգացել են Հայաստանում եւ պահպանել հետազոտությունների ծավալները, որոնք ֆիքսվում էին մինչ անկախությանը հռչակումը:

«Չնայած այս ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններին, մենք չկարողացանք հաղթահարել գիտության ոլորտում առկա դժվարությունները, ավելին՝ դրանք ավելացան», - ասաց նա:

Այնուամենայնիվ, շարունակեց նա, չնայած փոքր ֆինանսավորմանը, Հայաստանը, ըստ միջազգային գնահատումների, լավ արդյունքներ է գրանցում գիտության ոլորտում:

Գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մակարդակով երկրների վարկանիշի համաձայն (հաշվարկում  է փորձակոնստրուկտորային աշխատանքների համար պետական եւ մասնավոր ծախսերի ընդհանուր ծավալը՝ արտահայտված ՀՆԱ-ից տոկոսներով), որը 2015-ին անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի կողմից, Հայաստանը ՀՆԱ-ի համեմատ գիտական ծախսերի աստիճանով Սեւծովյան ավազանում (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Իսրայել, Ռուսաստան) զբաղեցնում է 4-րդ տեղը:

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Իսրայելը (ՀՆԱ-ի 4 տոկոսը գիտության համար է ծախսվում), երկրորդը` Թուրքիան, երրորդը` Ռուսաստանը:

«Ադրբեջանում գիտության համար ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, սակայն այս երկրի ՀՆԱ-ն մի քանի անգամ ավելի բարձր է, քան Հայաստանի ՀՆԱ-ն, եւ նրա գիտաշխատողների թիվը մոտ 4 անգամ ավելին է, քան Հայաստանում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը գիտության բնագավառում նման բարձր արդյունքներ չի արձանագրում, ինչպես Հայաստանը», - ասաց Մարտիրոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ