News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանն արդեն 2,5 տարի փաստացի Ադրբեջանի «արդարադատության» ձեռքում պատանդ է:

Ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակիցը 2016-ի ամռանը Բաքվում գործուղման մեջ էր: 2016 թվականի հունիսի 6-ին ավստրիական «Do&Co» ընկերությունը նրան Բաքու էր ուղարկել՝«Formula-1»-ի փուլին, ուր ժամանելով նրա հետ կապը կորել էր: Նա մեղադրվում է խոշոր չափի թմրանյութերի, հոգեմետ դեղերի կամ պրեկուրսորների ապօրինի պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման, ուղարկելու կամ վաճառքի մեջ:

2017 թվականի ապրիլի 28-ին դատարանը Մարատ Ուելդանով-Գալստյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները նման մեղադրանքներ են ներկայացնում բոլոր անցանկալի անձանց դեմ՝ սկսած սեփական ընդդիմությունից:

Ակնհայտ է նաեւ, որ Ուելդանովի նկատմամաբ ադրբեջանական իրավապահ մարմինների հետաքրքրությունը պայմանավորված է նրա ազգային պատկանելիությամբ:

Պատժի կրման համար Մարատին ռուսական բանտ տեղափոխելու հարազատների փորձը դեռ հաջողությամբ չի պսակվել:

Մարատի քույրը՝ Մարիանա Միրզոյանը Facbook-ում կատարվածի կապակցությամբ գրառում է հրապարակել.

«Անցավ մեկ տարի…Ուղիղ մեկ տարի առաջ՝19.12.2017 թ., Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը Մարատի պատիժը Ռուսաստանում կրելու վերաբերյալ փաստաթղթեր ուղարկեց Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը: Եվ մինչ այսօր ադրբեջանական կողմը չի կողմոնորոշվում այդ հարցով:

2018 թվականի կեսին Մարատը Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից նամակ ստացավ, որում ասված էր «... Պետական անվտանգության ծառայությունից Գլխավոր դատախազությանն ուղարկված նամակում նշված է, որ Մ.Վ. Ուելդանովին պատժի մնացած մասը կրելու համար Ռուսաստանին փոխանցելը անպատակահարմար է համարվում»:

Հոկտեմբերի վերջին Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը ինձ այսպիսի նամակ ուղարկեց.

«Ուելդանովին պատժի մնացած մասը կրելու համար Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու հարցով ձեր դիմումին ի պատասխան հաղորդում ենք, որ հարցը քննարկվում է եւ ներկայումս այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում: Տեղեկացնում ենք նաեւ, որ 06.03.1998 թվականի Մոսկվայի «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածների փոխանցման կենվոնցիայի» 6-րդ հոդվածի համաձայն՝ դատապարտվածի փոխանցումը չի կատարվում, եթե դա կարող է վնաս պատճառել դատավճիռը հրապարակած պետության շահերին»:

Ինձ շատ հետաքրքրիր է թե Պետությանը պատճառվող ի՞նչ վնասի մասին է խոսքը.. Եվ որքա՞ն երկար են քննարկելու փոխանցման հրացը...8 տարի՞:

Եվ հավանաբար մեր «բարեկամ» Ադրբեջանը Կոնվենցիայում թաքնված իմաստ է տեսնում՝ առանձնացնելով միայն այն, ինչ իրեն է ձեռնտու, քանի որ նույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածում ասվում է.

«Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը 40-օրյա ժամկետում ընդունված որոշման մասին գրավոր ձեւով հաղորդում է իրեն փոխանցման համար դիմողին: Փոխանցման մերժման որոշումը պետք է հիմնավորված լինի:

Դատավճիռ կայացնող պետության քրեակատարողական համակարգի վարչության կենտրոնական կամ տարածքային մարմինների պաշտոնատար անձինք պետք է դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին գրավոր պարզաբանեն հանձնելու հնարավորության եւ դրա իրավաբանական հետեւանքների մասին»:

Կոնվենցիայում կա նաեւ 10-րդ հոդվածը, որում նշված է.

«Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որին ուղղված է պատիժը կրելու համար դատապարտյալին հանձնելու խնդրանքը, անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից 40 օրը չգերազանցող ժամկետում խնդրանքն ուղարկած Պայմանավորվող կողմին իրազեկում է դատապարտյալին հանձնելու համաձայնության մասին՝ այն պայմաններին համապատասխան, որոնք նախատեսված են այս Կոնվենցիայով, կամ մերժման մասին»:

Հետաքրքիր է՝ Կոնվենցիայում այս ժամկետներն ո՞ւմ համար են նշվում… Եթե ոչ ոք դրանց չի հետեւում...

Հիմա՝ «Հանցագործը պետք է բանտում լինի, եթե անգամ նա հայ է» հոդվածի մասին: Այո, ես սրա հետ լիովին համաձայն եմ, հանցագործները պետք է բանտում լինեն: Բայց եղբայրս հանցագործ չէ, նրան կեղծ են մեղադրել ու բանտարկել, իսկ սրանք տարբեր բաներ են: Մարատի մեղավորության անհերքելի ապացույցներ չկան, այլ միայն 2 կեղծ վկաների ցուցմունքներ եւ քննիչի գեղարվեստական գրականությունը:

Հարմար է երկակի ստանդարտներ ունենալը: 2004 թվականին Հունգարիայում Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ուսումնական դասընթացների ժամանակ կացնահարեց քնած հայ սպային եւ Բուդապեշտում հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվեց: Իսկ 2012 թվականի օգոստոսի 31-ին հանձնվեց Ադրբեջանին՝ պատժի հետագա կրման համար: Սակայն նույն օրն իսկ Սաֆարովը համաներվեց Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հրամանով: Սաֆարովին Ադրբեջանում ինչպես հերոսի ընդունեցին: Նա բնակարան նվեր ստացավ եւ մայորի կոչում՝ բանտարկության մեջ անցկացրած 8 տարվա աշխատավարձի վճարումով:

«Հանցագործի» մասին այդ «հրաշալի» հոդվածում նաեւ ասվում է, որ ես անարդարության մեջ եմ մեղադրում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին: Այո՛, մեղադրում եմ: Որովհետեւ մեր նախագահը կարող է ազատել ԱՄՆ քաղաքացուն, բայց չգիտես ինչու, չի կարող կամ չի ցանկանում ազատել Ռուսաստանի անմեղ քաղաքացուն:

Ահա հոդվածին հղումը, որում նշված է, որ Պուտինը մարդասիրական նկատառումներով օգնել է ԱՄՆ քաղաքացուն: Հատված հոդվածից. «Նրա խոսքով՝ հաջողվել է ամերիկացուն ազատել, բայց դրա համար չի պահանջվել ոչ մի հատուկ գործողության անցկացում»:

«Մենք Սիրիայի իշխանությունների հետ ուղղակի պայմանավորվեցինք, ստացանք այդ մարդուն եւ հանձնեցինք ամերիկյան կողմին»,- հավելել է Պուտինը՝ շեշտելով, որ Ռուսաստանը գործել է բացառապես մարդասիրական նկատառումներով:

Ի՜նչ հրաշալի է: Ինչո՞ւ նույն կերպ չվարվել սեփական քաղաքացու դեպքում: Ինչո՞ւ չպայմանավորվել «բարեկամական» Ադրբեջանի հետ»,- գրում է Մարիանա Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ