News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն արձագանքել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի նախազգուշացմանը, որ եթե մեկշաբաթյա ժամկետում ներկրված մեքենաները չհանվեն Բագրատաշենի անցակետի, այսպես կոչված, չեզոք գոտուց, ապա նրանց վարչական պատասխանատվություն է սպառնում։

«Մենք վարչական իրավախախտում չենք կատարել, որ իրավական պատասխանատվության ենթարկվենք։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունը լիազորված չէ մարդկանց վարչական պատասխանատվության ենթարկելու»,– նշեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը։

Նրա խոսքով՝ մեքենաներն անցակետի չեզոք գոտուց հանելու ընդամենը մեկ ճանապարհ կա՝ «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգը։ Սակայն նախաձեռնության անդամները, բազմիցս անդրադառնալով այդ ընթացակարգին, նշել են, որ համաձայն չեն այդ ընթացակարգին, քանի որ այդ պարագայում 10 օր ժամկետ է տրվելու, որից հետո մեքենան տուգանվելու է։ «Հիմա մենք, մի տուգանքից խուսափելով, պետք է մեկ այլ տուգանքի առաջ կանգնենք»,– Վանեցյանի նախազգուշացումը այսպես մեկնաբանեց Դավիթ Գասպարյանը։

Նրա համար խիստ տարակուսելի է ԱԱԾ տնօրենի հայտարարությունը. «Մենք բերել ենք, որ մեքենաներն անցկացնենք, մեզ թույլ չեն տվել, դրա հետեւանքով մնացել են այդտեղ կանգնած։ Մեզ առաջարկել են, որ ներմուծենք, ղեկը փոխենք, նոր մաքսազերծենք, մենք չենք համաձայնվել։ Կառավարությունում էլ մերժել են VIN կոդերով ներմուծման առաջարկը, ուստի, կառավարության հետ համատեղ կազմվել է օրինագիծ, համաձայն որի՝ մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 30–ը ձեռքբերված մեքենաները, որոնք Հայաստան կհասնեն մինչեւ 2019 թ. ապրիլի 1–ը, հնարավորություն կտրվի ներմուծել եւ շահագործել»։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը նշում է՝ եթե կառավարությունն ասի՝ մեքենաներն այստեղից այնտեղ տարեք, իրենք կհամաձայնեն, սակայն այժմ հնարավորություն չունեն մեքենաներն անցակետի այդ հատվածից հանելու։

Նրա խոսքով՝ մեքենաները 7 օր հետո էլ շարունակելու են մնալ չեզոք գոտում, քանի որ վերոհիշյալ օրինագիծը դեռ չի ընդունվել եւ ուժի մեջ չի մտել։

Դավիթ Գասպարյանը հավելեց, որ հիմա մոտավորապես 500-ից ավելի մեքենա կա կանգնած այդ գոտում, նրա կարծիքով՝ ցույցերի վերսկսման անհրաժեշտություն այս պահին չկա, սակայն եթե կառավարությունը հրաժարվի կատարել խոստումները, այն ժամանակ միայն կվերսկսեն բողոքի ակցիաները։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի՝ «Բագրատաշեն» անցակետ այցից հետո ԱԱԾ–ն հետեւյալ հայտարարությունն էր տարածել. «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչեւ հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:

Տպել
Ամենաշատ