Պրիշտինայում հազարավոր մարդիկ մասնակցել են հանրահավաքին՝ ի աջակցություն Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի և Կոսովոյի ազատագրական բանակի ևս երեք նախկին հրամանատարների, որոնք սպասում են պատերազմական հանցագործությունների գործով դատավճռի հրապարակմանը, հայտնել է Associated Press-ը։

Հաագայում Կոսովոյի Հատուկ պալատի որոշումը պետք է հայտարարվի չորեքշաբթի։

Ակցիայի մասնակիցները լցրել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը։ Շատերը եկել էին կարմիր-սև ալբանական դրոշներով, քաղաքում փակցված էին չորս մեղադրյալների դիմանկարները։ Մեծ էկրանին ընթանում էր դատավճռի հրապարակմանը մնացած ժամանակի հետհաշվարկը, պաստառներից մեկը դատարանին կոչ էր անում «հանուն ժողովրդի» նրանց անմեղ ճանաչել։

Հաշիմ Թաչին, ինչպես նաև Կադրի Վեսելին, Ռեջեփ Սելիմին և Յակուպ Կրասնիչին մեղադրվում են սպանությունների, խոշտանգումների և խաղաղ բնակչության հետապնդման մեջ 1998–1999 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ Կոսովոն ձգտում էր անջատվել Սերբիայից։ Դատախազությունը պահանջել է նրանցից յուրաքանչյուրին դատապարտել առավելագույն ժամկետի՝ 45 տարվա ազատազրկման։

Թաչին 2020 թվականին հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, որպեսզի անձամբ պաշտպանվի դատարանում։ Նույն տարվա նոյեմբերից ի վերնա և երեք նախկին հրամանատարները գտնվում են կալանքի տակ և մերժում են առաջադրված մեղադրանքները։ Իր վերջին խոսքում Թաչին հայտարարել է, որ անմեղ է, և միակ արդար որոշումը կարող է լինել իր լիակատար արդարացումը։

Նախկին հրամանատարների կողմնակիցները Կոսովոյի ազատագրական բանակը անվանում են երկրի ազատագրման շարժում և դատական գործընթացը համարում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Հանրահավաքում հնչել են հայտարարություններ, որ ակցիայի մասնակիցները թույլ չեն տա «վերաշարադրել պատմությունը»։

Մեղադրյալներին աջակցություն է հայտնել նաև հարևան Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, որը կոչ է արել ազատ արձակել «ազատարարներին» և հայտարարել է, որ դատական գործընթացը մոտենում է ավարտին։

Կոսովոյի պատերազմը խլել է մոտ 13 հազար մարդու կյանք, որոնց մեծ մասը էթնիկ ալբանացիներ էին։ Սերբական ուժերի դեմ ՆԱՏՕ 78-օրյա օդային արշավից հետո Բելգրադը դուրս բերեց զորքերը երկրամասից։ 2008 թվականին Կոսովոն հռչակեց անկախություն, որը Սերբիան մինչ օրս չի ճանաչում։