15-ամյա պատանին ողջ է մնացել այն բանից հետո, երբ մի քանի օր անցկացրել է շրջված նավակի վրա Ալյասկայի ափերի մոտ, Բերինգի ծովի սառը ջրերում։ Նրա ավագ եղբայրը և զարմիկը մահացել են, հայտնել է BBC News-ը։

Ինչպես հայտնել են ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունից, երեք ձկնորս ուրբաթ՝ սեպտեմբերի 4-ին, մեկնել էին Սուրբ Լավրենտիոսի կղզուց և պետք է վերադառնային կիրակի կեսօրին։ Այն բանից հետո, երբ 18 ֆուտանոց (մոտ 5,5 մ) ձկնորսական նավակը նախատեսված ժամին չի վերադարձել, սկսվել են որոնողական աշխատանքները։

Երկուշաբթի առավոտյան առափնյա պահպանության անձնակազմը հայտնաբերել է դեռահասին, որը նստած էր շրջված նավակի վրա։ Նրան օգնության է հասել մոտակայքում գտնվող ձկնորսական նավը, որի անձնակազմը պատանուն բարձրացրել է նավ։ Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են նաև նրա երկու հարազատների մարմինները։

Առափնյա պահպանության տվյալներով՝ պատանու մոտ եղել են սառածության նշաններ։ Նրան փրկած նավի կապիտան Ադամ Ուայթը տեղի KTUU-TV հեռուստաալիքին պատմել է, որ ջրի ջերմաստիճանը մոտ 10 աստիճան է եղել։ Նրա խոսքով՝ պատանին երկու գիշեր անցկացրել է նավակի վրա՝ մթության մեջ, ամուր բռնված նրանից։

«Շատ պինդ տղա է»,— ասել է Ուայթը։ Նա նաև պատմել է, որ պատանին իրեն ասել է, որ իր եղբայրը դեռ գտնվում է շրջված նավակի տակ, իսկ զարմիկը մահացել էր փրկությունից մեկ օր առաջ։

Պատանու մայրը՝ Վինա Կուլովիյին, Facebook-ում գրել է, որ նավակը շրջվել է շաբաթ օրը, ինչից հետո նրա որդին մոտ երկու օր անցկացրել է ծովում՝ առանց սննդի և ջրի։ Նրա խոսքով՝ տղաները ձկնորսության էին գնացել, որպեսզի մսով ապահովեն իրենց համայնքի ընտանիքներին, որտեղ ոչ բոլոր բնակիչներն ունեն տեղի խանութից այն պարբերաբար գնելու հնարավորություն։

Պատանին, որին հարազատները կոչել են Դերեք Փարքեր Ագնաանգա, այժմ վերականգնվում է տանը։ Նրա մայրը գրել է, որ նավակի վրա գտնվելու ողջ ընթացքում նա չի տրվել վախին և «աղոթել» է։

Ընտանիքն ապրում է Սևունգայում՝ մոտ 800 բնակիչ ունեցող գյուղում, Սուրբ Լավրենտիոսի կղզում։ Նրա բնակչության մեծ մասը սիբիրյան յուպիկներ են, որոնց համար ձկնորսությունն ու որսորդությունը ավանդական կենսակերպի կարևոր մաս են կազմում։

«Իմ տղաներին մեծացրել են որպես կերակրողներ։ Սա ավանդույթ է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Մենք որս ենք անում, ապահովում ընտանիքներին և սնունդը կիսում համայնքի հետ»,— գրել է Կուլովիյին։

ԱՄՆ առափնյա պահպանության Արկտիկական շրջանի հրամանատար, դերծովակալ Բոբ Լիթլը ցավակցություն է հայտնել զոհված ձկնորսների ընտանիքներին և համայնքներին։