News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առկա են մի քանի առանցքային ու անհասկանալի կետեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանն` անդրադառնալով Արդարադատության նախարարության առաջարկած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

«Այդ փաթեթը նպատակ ունի հասարակությանը ներկայացնել, որ խոստացված «վեթինգը» կամ զտումները այնուամենայնիվ փորձ է արվում իրականացվել։ Իրականում սակայն նախագիծը բոլորովին ուրիշ բանի մասին է, նախագծում առկա են մի քանի առանցքային ու անհասկանալի կետեր, որոնք խնդրահարույց են սարքում այն: Առաջին հերթին նախագծով առաջարկվում է մինչեւ հոկտեմբերի վերջ հրաժարական տված ՍԴ անդամներին ցմահ աշխատավարձ վճարել, ինչ է սա նշանակում՝ ճիշտն ասած ես չգիտեմ: Եթե նման առաջարկ լիներ փաստաբաններին, լրագրողներին, կարելի էր իհարկե համաձայնել, բոլորով կգնայինք թոշակի միանգամից, պետությունը մեզ բարձր թոշակ կվճարեր ամբողջ կյանքի ընթացքում: Ես կարծում եմ, որ սա այսպես ասած բարտերային գործարքի առաջարկ է, օրենքից այս կողմ ուղղված ՍԴ անդամներին: Ես որպես իրավաբան կարծում եմ, որ նմանատիպ առաջարկներն, այնուամենայնիվ, հաստատ օրենքի տեսքով չէ, որ պետք է ներկայացնել»,- ասաց նա:

Մյուս խնդիրն․ ըստ Վարոսյանի, դատավորներիի տարիքային շեմի նվազեցումն է, որը նույնպես խնդրահարույց է:

«Չեմ հասկանում`ինչու են կանգնել 25 տարեկանի վրա, իսկ գուցե 10 տարեկան սարքենք, 10 տարեկան երեխաները բավականին արդարամիտ են լինում ու կյանքի թոհուբոհով չանցած, բացարձակ չեն իմանա` ինչ է կոռուպցիան ու կարող են ավելի արդար դատել: Սա ուղղակի ծիծաղալի է, եւ կարծում եմ, որ ամեն ինչը ինչ-որ կոնկրետ նպատակ ունի, ինչ-որ մարդիկ կան, որոնց պետք է շտապ դատավոր կարգել, բայց տարիքը չի հերիքում, չգիտեմ, այլ բացատրություն ուղղակի չեմ գտնում: Եթե հակառակը լիներ, դա կլիներ հասկանալի, որովհետեւ դատավոր կարող են աշխատել ոչ միայն երկարամյա փորձ ունեցող մարդիկ, որոնք համակարգի ուղնուծուծը գիտեն, այլ նաեւ մարդիկ, որոնք կյանք են ապրել, տարիքի իմաստություն ունեն գոնե եւ կարող են մարդկանց ճակատարագրերի հետ կապված որոշումներ կայացնել»,- ասաց նա:

Երրորդ խնդրահարույց կետն, ըստ փաստաբանի, քաղհասարակության ներկայացուցիչներին Դատավորների էթիկայի հանձնաժողովում ներառելն է. «Սա քողարկված իշխանության ներկայացուցիչների էթիկայի հանձնաժողով ուղարկելու փորձ է, որովհետեւ ակնհայտ պարզ է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներքո թաքնվածների 90 տոկոսը հեղափոխությունից հետո բացահայտեցին, որ իրենք ոչ մի քաղհասարակություն էլ չեն, իրենք արդեն 1.5 տարի է սազը վերցրած իշխանությունների գովքն են անում, եւ փորձ է արվում հենց այս տիպի մարդկանց ներառել հանձնաժողովում, եւ սա իմ կարծիքով կրկին անգամ վտանգի տակ է դնում դատական համակարգի անկախությունը»:

Տպել
Ամենաշատ