News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում առկա ակադեմիական մոդելն արդյունավետ է: Այս մասին բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագծին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նախագծով ծրագրվում է չեղարկել հայոց լեզվի եւ պատմության պարտադիր դասավանդումը ոչ պրոֆիլային բուհերում: Հիշեցնենք, որ գաղափարն ուսանողների դասադուլի պատճառ դարձավ:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ոլորտում խնդիրներ շատ կան, սակայն «չոր ճյուղերը կտրելու փոխարեն ծառը կտրելու փորձ է արվում»: Ըստ նախագծի՝ ակադեմիական գիտությունը պետք է անհետանա: «Գործող մոդելը կապ չունի սովետական շրջանի հետ: Այդ մոդելը ձեւավորվել է դարակեսին Եվրոպայում: Այսինքն, մեզ մոտ եվրոպական մոդելն է: Մարդը զբաղվում է գիտությամբ, նրան ժամանակ է տրվում: Դա արդյունավետ մեթոդ է»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ ամերիկյան մոդելը հիմնված է համալսարանների բազայի վրա, քանի որ ԱՄՆ-ում գիտաշխատողները պարտավոր են դասավանդել որոշակի ժամերի: «Նախարարը հայտարարեց, որ գիտությունը պետք է տեղափոխվի համալսարաններ: Դա նշանակում է, որ այժմ այնտեղ գիտություն չկա, ինչի հետ մենք համաձայն չենք: Եվ երկրորդ, ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել: Կրթության եւ գիտության ոլորտում շատ խնդիրներ կան: Սակայն ինչո՞ւ է թիրախավորվել հենց հայոց լեզուն եւ պատմությունը: Օրինակ, անգլերենը, կենսաբանությունը կամ ֆիզիկան լա՞վ են դասավանդվում: Վերացրեք այդ առարկաները»,- առաջարկեց Մելքոնյանը:

Նա նշեց, որ ապագա դիվանագետը կամ գիտնականը պետք է իմանան լեզու եւ պատմություն: «Ինչպե՞ս կարելի է վերացնել այդ առարկաները: Դրանք աշխարհայացք են ձեւավորում»,- նշեց նա:

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ նշեց, որ նախագիծը սխալ է կազմված: «Չի կարող երկու տարբեր ոլորտների մասին օրենք լինել: Ստացվում է, որ գիտությունը սպասարկում է կրթությունը: Այդպես չպետք է լինի: Այսօր գիտություն կա բուհական համակարգում: Անթույլատրելի են նաեւ Ակադեմիայի հետ կապված դրույթները: Ըստ նախագծի՝ այն ընդհանրապես պետք է փակվի»,- հայտարարեց նա՝ լրագրողներին կոչ անելով չտրվել մակերեսային դատողությունների սադրանքին: «Ամեն տարի հարյուրավոր գիտական հոդվածներ են հրապարակվում: Մի՞թե դա չի խոսում այն մասին, որ համակարգը լավ է աշխատում»,- նկատեց Կատվալյանը՝ հավելելով, որ դժվար է պատկերացնել կրթված մարդու, որը պատկերացում չունի հարազատ լեզվի եւ պատմության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ