News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման  նպատակով կառավարությունն, ի թիվս այլ ոլորտների, աջակցության ծրագրեր է նախատեսել նաև գյուղատնտեսության  համար, որոնք նպատակաուղղված են, մասնավորապես, տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։ Նախատեսված միջոցառումների հնարավոր արդյունքների, երկրի պարենային անվտանգության, ՌԴ–ի կողմից դեպի Հայաստան հացահատիկի արտահանման հնարավոր սահմանափակումների  և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։

Պարոն Խաչատրյան, կառավարության առաջարկած ծրագրերն արդյոք կարո՞ղ են կարճ ժամանակում «խելքի բերել» գյուղատնտեսությունը՝ հաշվի առնելով, որ այս ոլորտն անկանխատեսելի է։

Գյուղատնտեսության զարգացման վրա դրանք դրական ազդեցություն կունենան, սակայն համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման  տեսանկյունից արդյունավետ քայլեր չեն և որևէ էական արդյունք չեն տա, առնվազն կարճաժամկետ կտրվածքում։ Սրանք  երկարաժամկետ ծրագրեր են և չեն կարող կարճ ժամանակահատվածում լուծել մեր պարենային անվտանգության խնդիրները։ Մեզ այնպիսի լուծումներ են հարկավոր, որոնց արդյունքները կերևան մի քանի ամսից։ Այսօր մեր առաջին խնդիրը համավարակի տարածմանը հակազդելն է, և պարենային անվտանգության հարցը լուծելը, մարդկանց ֆինանսական և սոցիալական  աջակցության ապահովումը, ինչպես նաև  համավարակի անմիջական հետևանքների վերացումը։ Կառավարության  կողմից վերանայված ծրագրերի կատարողականը դեռ անցած տարի բավականաչափ ցածր է եղել։ Նախ պետք էր վերլուծել և պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ այդ ծրագրերի մասով կա թերակատարում, եթե խնդիրը ոչ ձեռնտու տոկոսադրույքով վարկերի տրամադրումն էր և դրա համար  գյուղացիները կամ ագոբիզնեսմենը խուսափում են վարկ վերցնել, այդ դեպքում նոր կարելի էր մտածել վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու մասին, սակայն եթե պատճառն ավելի լուրջ է, այս դեպքում միայն վարկի տոկոսադրույքները զրոյացնելով որևէ էական արդյունքի չեն հասնի։ 

Ստեղծված իրավիճակը ստիպեց իշխանություններին մտածել գյուղատնտեսական ապրանքների մասով ինքնաբավության հասնելու գաղափարին։ Ի՞նչն է խանգարել Հայաստանին անկախությունից ի վեր բարձրացնել պարենային ինքնաբավության մակարդակը։

Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը կարող է հասնել 100%–անոց ինքնաբավության։ Միևնույն է, պարենային որոշ ապրանքների մասով մենք հիմնականում  ներմուծելու ենք, քանի որ կան բաներ, որոնք ձեռնտու է դրսից ներկրել, քան մեզ մոտ արտադրել։ Բայց ես համակարծիք չեմ այն մտքի հետ, որ անկախությունից ի վեր պարենային անվտանգության հարցը չի դրվել կամ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել, օրինակ՝ 2002–ից Հայաստանում գործում է «Պարենային անվտանգության մասին» օրենքը, տարիներ շարունակ իրականացվել են հացահատիկի տեղական արտադրությունը խթանող ծրագեր: Այլ հարց է, որ կարելի էր պարենային անվտանգության բարձրացման ուղղությամբ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել: Պատճառները բազմազան են, թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ: Փորձեմ միտքս պարզեցնել. Գյուղատնտեսական նշանակությանը հողերը, անասնագլխաքանակը, արտադրամիջոցները  պատկանում են մասնավորին,  ով, բնականաբար, պետք է մտածի մաքսիմալ շահ ստանալու ուղղությամբ (ուրիշ բան, որ մեզ մոտ միշտ չէ, որ կարողանում են դա ապահովել)։ Առանձին անհատներին երկրի պարենային անվտանգությունը շատ քիչ է հետաքրքրում, և, բնականաբար, նա կցանի այն մշակաբույսը, որն իրեն ձեռնտու է կամ կտնկի այն ծառը, որից իր ստացած եկամուտն ավելի մեծ կլինի, մինչդեռ  պետական շահի տեսանկյունից որոշակի ապրանքներ  պետք է տեղում արտադրվեն։ Իսկ դրա համար պետությունը պետք է պատվեր իջեցնի և երեշխավորի, որ կգնի տվյալ ապրանքը որոշակի «արդար»  գնով։ Ընդհանրապես, եթե ավելի կոնցեպտուալ նայենք, պետական աջակցությունը պետք է թիրախային լինի և միտված լինի գյուղատնտեսական քաղաքականության իրականացման ապահովմանը: 

Թեև որպես գյուղնախարար մի քանի ամիս եք պաշտոնավարել, սակայն, այնուամենայնիվ,  հետաքրքիր է՝  ի՞նչ քայլեր եք իրականացրել պարենային ինքնաբավության խնդիրը լուծելու ուղղությամբ։

Ճիշտ է, ես ընդամենը չորսուկես ամիս եմ պաշտոնավարել, ինչ էլ համընկել է Հայաստանում անցումային շրջանի հետ, երբ երկրում քաղաքական իրավիճակը եռում էր, կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանականի անցման փուլում էր, սակայն պարենային ինքնաբավության խնդիրը եղել է իմ ուշադրության կենտրոնում։ Իմ պաշտոնավարման ընթացքում մենք փորձնական ծրագիր իրականացրեցինք Հայաստանի սահմանամերձ համայնքներում։ Գյուղացուն  1 հա հողատարածք մշակելու համար 60.000 դրամ հատկացրեցինք, որպեսզի աշնանացան հացահատիկ  ցանի: Հացահատիկի ընտրությունը պայմանավորված էր զուտ աշնանացանի հետ:  Արդյունքում, սահմանամերձ  գյուղերում էականորեն աճեց ցանքատարածությունների թիվը։ 2019թ. բյուջեով 2 մլրդ դրամ էր հատկացվել, որպեսզի  այս ծրագիրն իրականացվեր նաև լեռնային և բարձր լեռնային համայնքներում: Այստեղ արդեն հացահատիկի սահմանափակում չկար: Կցանվեին ոչ միայն հացահատիկ, այլև հատիկաընդեղենային այլ մշակաբույսեր, տարիներ շարունակ լքված հողը «կաշխատեր», մարդկանց եկամուտը կավելանար, վերջապես կկարգավորվեր սեփականության կամ վարձակալության իրավունքի գրանցման հարձը կկարգավորվեր: Սակայն կառավարությունն իր գյուղատնտեսական քաղաքականությունը փոխեց, և հրաժարվեց դրանց իրագործումից։ Ես կարծում եմ, որ եթե այդ ծրագիրն իրագործվեր, ապա որոշ մշակաբույսերի  ինքնաբավության մասով շատ ավելի բարվոք վիճակում կլինեինք, քան այսօր։ 

Հայտնի է, որ Հայաստանը հացահատիկի հիմնական մասը ներմուծում է Ռուսաստանից։ ՌԴ–ի կողմից պարենային ապրանքների արտանահման հնարավոր սահմանափակումներն ի՞նչ ազդեցություն կթողնեն մեր երկրի վրա, և ո՞րն է ելքը։

Եթե Ռուսաստանը սահմանափակում մտցնի հացահատիկի արտահանման մասով, Հայաստանը ստիպված է լինելու այլ շուկաներ փնտրել, օրինակ ներմուծի հացահատիկ արտադրող Ղազախստանից կամ հեռավոր Կանադայից: Այդ երկրներից հացահատիկ ձեռքբերելը շատ ավելի բարդ և թանկ կնստի մեզ վրա։ Կառավարությունն օր առաջ պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի, ոչ թե սպասի ՌԴ–ի սահմանափակումներին։

Կառավարությունը քննարկում է ցորենի արտադրության խթանման հարցը, իսկ իշխանական պատգամավորները գյուղացիներին խնդրում են հնարավորության սահմաններում գարնանացան ցորեն ցանել, հողը խոպան չթողնել։ Ո՞րն է երաշխիքը, որ գյուղացին ցորեն ցանելով, հետագայում այն իրացնելու խնդիր չի ունենա։

Հորդորելով կամ խնդրելով գյուղացուն չես համոզի, որ ցորեն մշակի, պետք է պետությունը կոնկրետ հացահատիկի մասով պատվեր իջեցնի և պարտավորվի որոշակի գնով ձեռքբերելու հացահատիկը, այսինքն պետությունը պետք է երաշխավորված գնում կատարի։ Դա գոնե վստահություն կտա գյուղացուն, որ իր ապրանքը չի մնա։ Իսկ հացահատիկի իրացման հարցում, կարծում եմ խնդիր չի լինի, եթե մարդիկ  նույնիսկ չկարողնան իրացնել, գոնե սեփական կարիքների համար կօգտագործեն։ Եթե գյուղացուն խրախուսեն հացահատիկ մշակել, ստիպված չենք լինի մեր հացահատիկի մեծ մասը ներկրել Ռուսաստանից։ Այսօր Հայաստանի հողերի 40%–ից ավելին չի մշակվում, ոռոգման ցանցն անմխիթար վիճակում է. այն հողերը, որտեղ միայն կամ հիմնականում հացահատիկ կարող է աճել, խոպան են։

Դուք մշտապես դեմ եք եղել Գյուղատնտեսության նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությանը միացնելու գաղափարին։ Ներկայումս, երբ մեր կառավարությունն այս ճգնաժամից դուրս գալու հիմնական հույսը դրել է գյուղոլորտի վրա, արդյոք ի զորո՞ւ է էկոնոմիկայի նախարարությունն իր վրա վերցնել այդ ծանր բեռը։

Ոլորտը նախարարության կարգավիճակ է ստանում հաշվի առնելով տվյալ ոլորտի կարևորությունը երկրի համար։ Մեր տնտեսության  30%–ն ապահովում են գյուղատնտեսությունը և գյուղմթերքիների վերամշակումը, իսկ  գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մի քանի հարյուր հազար է և, բնականաբար, ելնելով իր կարևորությունից, պետք է առանձին նախարարություն լինի: Այլ խնդիր է, որ տարիներ շարունակ այդ նախարարության գործունեության արդյունավետությունը բարձր եղել, գործիքները սահմանափակ են եղել և այլն։ Փոխարեն նախարարության արդյունավետությունը բարձրացնեն, կառավարությունը գնաց այն լուծարելու քայլին։ Մեկ տարի է անցել և որևէ մեկը չի լսել, որ միավորումից հետո նախարարության արդյունավետությունը բարձրացել է: Ի դեպ, նույնը վերաբերվում է նաև մյուս «միավորված» նախարարություններին:  Ես այն ժամանակ էլ էի ասում, հիմա էլ եմ պնդում, կառավարությունը շուտով կհասկանա  գյուղատնտեսության նախարարության կարևորությունը և այն կվերադարձնի նախկին կարգավիճակին։

Տպել
Ամենաշատ