News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Նշենք, որ վվրույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։

Հանձնաժողովին տեղակացվել է, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։

Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրել էինք կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար արդյոք առողջապահության նախարարության եւ «Միբս» ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա է շահերի բախում։

Վարույթ հարուցելու որոշման մեջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքից երկու կետ.

«Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։

«Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Նրա նշանակումից հետո «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման երկու պայմանագրեր «Միբս» ընկերության հետ էլ կնքվել է մինչեւ Թորոսյանի նախարար նշանակվելը։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Միբս» ընկերության առաջին տնօրենը եղել է հենց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ու կինը պարբերաբար միմյանց են հանձնել տնօրենի պաշտոնը։ Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թեւանյանը (2016/01/20-2017/01/10), այնուհետեւ կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն (2017/01/10-2018/05/29)։ Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։

«Միայն նրա համար, որ ես եմ այս պահին տնօրեն, իսկ պարոն Թորոսյանը նախարար, ճիշտ չէ ասել, որ այդտեղ կա շահերի բախում, որովհետեւ կազմակերպությունն արդեն իններորդ տարին աշխատում է եւ տարվա մեջ մոտ 15 000 պացիենտ է ընդունում»,- datahetq.am-ի հետ զրույցում նշեց Վարդանուշ Թեւանյանը։

«Միբս» ՍՊԸ-ն, բացի առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային եւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։

Առողջապահության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը «Միբս» ընկերության հետ կնքել են ընդհանուր առմամբ 176 միլիոն դրամի պայմանագիր։ Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից եւ ոչ մեկի համար առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով, իսկ մեկի ընթացակարգը նշված է «ԵՄ», որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ չի բացատրվում։

Երեւանի քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են գնանշման հարցում ընթացակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը գնանշման հարցում է արել տարբեր ընկերությունների եւ ընտրել «Միբս» ՍՊԸ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ