Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների ծանրաբեռնվածությունը այս տարվա ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև շեշտակի ավելացել է։ Այս մասին վկայում է դատական վիճակագրությունը։ NEWS.am–ի ուսումնասիրության արդյունքով՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել և նախորդ ժամանակահատվածից փոխանցվել է 4310 քրեական գործ և ավարտին հասցվել 1162 գործ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ գործերի թիվը 3109 էր, իսկ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել էր 1260 գործ։ Այսինքն՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացված և նախորդ ժամանակահատվածից փոխանցված գործերի թիվն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 1201–ով կամ 39 տոկոսով, իսկ ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 98–ով կամ 8 տոկոսով։ Ավարտված գործերի թվի նվազումը ոչ միայն պայմանավորված է դատավորների գերծանրաբեռնվածությամբ, այլև այս տարվա մարտից Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով, ինչից անմասն չմնաց նաև դատական համակարգը. արդյունքում՝ փաստացի ամիսներ շարունակ շատ գործերով դատական նիստեր չէին կայանում։
Քրեական մասնագիտացում ունեցող դատավորները այս կիսամյակում աննախադեպ ծավալի միջնորդություններ են քննել։
Այսպես. 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում նախորդ տարվանից մնացել և ստացվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարմանն առնչվող միջնորդությունների վերաբերյալ 12013 գործ, որից ավարտվել է 10391–ը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված միջնորդությունների վերաբերյալ գործերի թիվը եղել է 10978, որից ավարտվել է 9865–ը:
Նշենք, որ այժմ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 61 հաստիք (1–ով ավելի, քան նախորդ տարի)։ Համեմատելով դատարաններում առկա քրեական գործերի ծավալը դատավորների թվի հետ, հետևյալ պատկերը ստացանք։
2020թ. առաջին կիսամյակում քրեական գործեր քննող մեկ դատավորին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 78 գործ, իսկ 2019–ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 49, այսինքն՝ դատավորի ծանրաբեռնվածությունը միջինում ավելացել է 29 գործով կամ 59 տոկոսով։
Ծանրաբեռնվածության առումով նախանձելի վիճակում չեն նաև Վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորները։
Մասնավորապես՝ 2020թ. առաջին կիսամյակում, Վերաքննիչ քրեական դատարանում ստացվել և նախորդ ժամանակահատվածից փոխանցվել է 2580 բողոք, իսկ ավարտված գործերի թիվը 1740 է, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում առկա և ստացված բողոքների թիվը եղել է 2411, իսկ ավարտված գործերի թիվը 1600։
Ինչ վերաբերվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատին, ապա 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում այստեղ ստացվել է 1077 բողոք (այդ թվում՝ 2019 թվականից փոխանցված)։ Նշված ժամանակահատվածում 189 վճռաբեկ բողոքներով որոշումներ են կայացվել բողոքները վերադարձնելու վերաբերյալ, 472 վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքներով որոշումներ են կայացվել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ, 47 վճռաբեկ բողոք թողնվել է առանց քննության, 4 վճռաբեկ բողոքներով որոշումներ են կայացվել վերանայման վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ, իսկ 303 բողոքի քննարկումը գտնվել է ընթացքի մեջ։ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից վարույթ է ընդունվել 62 վճռաբեկ բողոք՝ 60 գործով, կայացվել են նախադեպային նշանակություն ունեցող 49 որոշումներ: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացվել է 1069 վճռաբեկ բողոք (այդ թվում՝ 2018 թվականից փոխանցված)։ Նշված ժամանակահատվածում 225 վճռաբեկ բողոքներով որոշումներ են կայացվել բողոքները վերադարձնելու վերաբերյալ, 378 վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքներով որոշումներ են կայացվել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ, 28 վճռաբեկ բողոք թողնվել է առանց քննության, 20 վճռաբեկ բողոքով որոշումներ են կայացվել վերանայման վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ։ 30.06.2019թ. դրությամբ 239 վճռաբեկ բողոքի քննարկումը գտնվել է ընթացքի մեջ։ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից վարույթ է ընդունվել 119 վճռաբեկ բողոք՝ 109 գործով, կայացվել են նախադեպային նշանակություն ունեցող 75 որոշումներ:
Դատական օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ:
NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ստանձման պահից սկսած խորհրդին դիմել է քրեական մասնագիտացում ունեցող 28 դատավոր` առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ։
Մասնավորապես 2018թ. այդ հարցով խորհրդին դիմել է 6, 2019–ին 10, իսկ 2020թ. առաջին կիսամյակում 12 դատավոր։ Այսինքն՝ տարեցտարի ավելանում է առանձնակի բարդության գործերի թիվը, որոնց պայմաններում դատավորները չեն հասցնում քննել իրենց մակագրված մյուս գործերը և դիմում են ԲԴԽ–ին։
Դատական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ գործի քննության ողջամիտ ժամկետների ձգձգումները և անորակ (երբեմն՝ «copy-paste» սկզբունքով) դատական ակտերի կայացման պատճառները մեծամասամբ պայմանավորված են դատավորների ծանրաբեռնվածությամբ:
Նախորդ տարեվերջին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ամենամեծ խնդիրը, որ 2020 թվականին պետք է դնեն իրենց առջև, դատարանների ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքն է։ Մինչդեռ վիճակագրությունը փաստում է, որ նոր իշխանությունների ձեռնարկած քայլերն՝ ուղղված անկախ դատական համակարգի ստեղծմանը, բարեվարքության մեխանիզմների ներդրմանը կամ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ոչ միայն չեն թեթևացրել բազմահատորանոց գործերի տակ «ճկված» դատավորների վիճակը և բարելավել քննված գործերի որակը, այլև ստեղծել են մի իրավիճակ, երբ դատավորի աշխատանքը վերածվել է տաժանակրության։




























