ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես չի փոխանցում իր լիազորությունները փոխնախագահ Մայքլ Փենսին` նոր կորոնավիրուսով վարակման պատճառով: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Զադ Դիրը:

«Ոչ»,- հակիրճ պատասխանել է նա այս թեմայի վերաբերյալ ուղիղ հարցին: Այլ մեկնաբանություններից նա ձեռնպահ է մնացել:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Իմ եւ առաջին տիկնոջ` COVID-19-ի ախտորոշման տեսթերի արդյունքները դրական են: Մենք անմիջապես կանցնենք կարանտինի եւ վերականգնման գործընթացին: Մենք դա միասին կհաղթահարենք»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թրամփի խորհրդական Հոուփ Հիքսը, ով նրան ուղեկցում էր վերջին ուղեւորությունների ժամանակ, վարակվել էր կորոնավիրուսով: Այս կապակցությամբ Թրամփը հայտարարել էր, որ կարանտին է անցնում, քանի դեռ չեն ստացվել թեստի արդյունքները: