News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, պրն. Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։

Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։

Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ ԱԺ-ում հայտարարել էր. «Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել»: նա հայտնել էր, որ վաղը նախաձեռնելու է ընդլայնված հանձնաժողովի նիստ, հրավիրելու է Պաշտպանության նախարարին եւ ուղղի կոնկրետ հարցեր, որոնք իրեն են վերաբերում, ոչ թե վարչապետին. «Պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դու նկարահանվում եք, նստում եք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դու ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այդ վտանգներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ