News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հորդանանի Նուր թագուհին տեղեկություն է խնդրել Դուբայի անհայտ կորած արքայադուստր Շամսայի մասին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր կրտսեր քույր Լաթիֆան «պատանդ» է վերցվել իր իսկ հոր՝ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից:

Թագուհի Նուրը, ով Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի խորհրդի անդամ է, Twitter-ում գրել է․ «Ո՞ւր է նրա քույր Շամսան», ինչպես նաեւ կցել է BBC-ի հոդվածը, որում ասվում է, որ իր կրտսեր քույր Լաթիֆան պնդում է, թե իրեն հարկադրաբար պահում են «բանտ-առանձնատանը»: «Ես պատանդ եմ, ես ազատ չեմ: Ես ազատազրկված եմ այս բանտում: Իմ կյանքն իմ ձեռքում չէ»,- ասել է 35-ամյա արքայադուստրը:

Անցյալ տարի բրիտանացի դատավորը վճռել էր, որ շեյխ Մոհամմեդը գերի է պահել իր երկու դուստրերին՝ Լաթիֆային եւ Շամսային, ինչպես նաեւ նրանց առեւանգել է առանձին դեպքերում: Ենթադրվում էր, որ 2000 թվականին Շամսան փախել է Միացյալ Թագավորություն, բայց Քեմբրիջում նրան բռնել են էմիրաթցի գործակալները եւ Նյումարկետում ընտանիքի տանից ուղղաթիռով տեղափոխել են հայրենիք:

Դատավորը նաեւ վճռել է, որ Դուբայի էմիրը հետապնդում է իր նախկին կնոջը` արքայադուստր Հայա բին Հուսեյնին` Նուր թագուհու խորթ դստերը եւ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի քրոջը:

Հայան պնդում էր, որ իր հարաբերությունները շեյխ Մոհամմեդի հետ ամբողջությամբ խզվել են 2019-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նա սկսել է այցելել իր խորթ դստերը՝ Լաթիֆային եւ հարցեր տալ Շամսայի մասին:

Անցյալ ուրբաթ Լաթիֆայի ընտանիքն ասել էր, որ նրան «պահում են տանը», եւ հայտարարել էր, որ BBC-ի եւ ԶԼՄ-ների կողմից արքայադստեր ծանր վիճակի մասին հեռարձակված կադրերը «չեն արտացոլում նրա իրական վիճակը»:

Տեսանյութը հրապարակելուց ի վեր իրավապաշտպան խմբերը միջազգային հանրությանը կոչ են անում ճնշում գործադրել ԱՄԷ-ի վրա՝ թագավորական ընտանիքի երկու անդամներին ազատ արձակելու համար:

«Իրավապաշտպան կազմակերպությունները եւ ՄԱԿ մարմինները բազմիցս կոչ են արել ԱՄԷ-ին ապացույցներ ներկայացնել, որ այդ կանայք ողջ են եւ կարող են ազատ ճանապարհորդել»,- Middle East Eye-ին ասել է «Արաբական աշխարհի ժողովրդավարություն» կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լիա Ուիթսոնը։

«Կասկած չկա, որ Էմիր Մոհամադ բեն Ռաշիդը առեւանգել է իր մեծահասակ դուստրերին եւ նրանց պահում է հարկադիր գերության մեջ: Եթե ԱՄԷ-ն լիներ մի երկիր, որտեղ օրենքի գերակայությունն ընդհանրապես ինչ-որ բան է նշանակում, ոստիկանությունը անմիջապես կկալանավորեր էմիրին եւ կազատեր նրա դուստրերին դաժան բանտարկությունից»,- նշել է նա:

The Sunday Express-ը հայտնում է, թե Լաթիֆայի փաստաբանները պաշտոնապես կպահանջեն, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կալանք դնի նրա հոր ունեցվածքի վրա՝ Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների նոր օրենքով կառավարությանը տրված լիազորությունների համապատասխան:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը ուշադիր հետեւում է ճգնաժամին:

Դուբայի տիրակալի դուստրը, որը փորձել է փախչել երկրից 2018-ին, հետագայում գաղտնի տեսաուղերձներ է փոխանցել ընկերներին՝ իր հորը մեղադրելով իրեն պատանդ պահելու մեջ եւ ասելով, որ վախենում է իր կյանքի համար:

BBC-ի Panorama հաղորդման տրամադրության տակ հայտնված կադրերում արքայադուստր Լաթիֆա ալ-Մաքթումն ասում է, որ երբ ինքը փորձել է զբոսանավով (ընտանիքից) փախչել, իրեն բռնել են հատուկ նշանակության ջոկատի օգնությամբ, թմրանյութեր են ներարկել ու նորից կալանքի տակ են առել:

Հետո արքայադստեր հետ կապն ընդհատվել է, եւ նրա ընկերները ՄԱԿ-ին կոչ են անում միջամտել, գրում է BBC ն: ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին բանագնաց Մերի Ռոբինսոնը, ով 2018-ին Լաթիֆային հանդիպելուց հետո նրան բնութագրել է որպես «հոգեբանական խնդիրներով երիտասարդ կին», այժմ պնդում է, որ արքայադստեր ընտանիքը «խաբել է» իրեն:

Լաթիֆան, ով այժմ 35 տարեկան է, առաջին անգամ փորձել է փախչել 16 տարեկանում: Բայց փախուստը հաջողվել է իրականացնել միայն 2011-ին երկար պլանավորումից հետո՝ ֆրանսիացի գործարար Էրվե Ժոբերի հետ հանդիպելուց հետո: Լաթիֆային օգնել է կապոեյրեի՝ բրազիլական մարտարվեստի իր հրահանգիչ Տիյնա Յաուխիայնենը:

2018-ի փետրվարի 24-ին Լաթիֆան եւ Յաուխիայնենը փչովի նավակով եւ հիդրոցիկլով տեղափոխվել են միջազգային ջրեր, որտեղ Ժոբերը նրանց սպասել է ԱՄՆ դրոշի տակ նավարկող զբոսանավով:

Բայց ութ օր անց Հնդկաստանի ափերի մոտ կոմանդոսը նստել է զբոսանավ: Յաուխինայնենը պնդում է, որ հատուկ ջոկատայինները ծխի նռնակներ են նետել ուղեւորների խցիկ՝ ստիպելով իրեն եւ Լաթիֆային դուրս գալ տախտակամածի տակ գտնվող լոգարանից:

Լաթիֆային վերադարձրել են Դուբայ, եւ մինչեւ վերջերս նրա մասին ոչինչ հայտնի չէր:

Արքայադուստր Շամսան, շեյխ Մոհամմեդի դուստրերից մեկը, 2000 թվականին փախել էր Սուրեյում՝ Անգլիայի հարավային շրջաններից մեկում ընտանիքի բրիտանական կալվածքից: Բայց հետո Քեմբրիջշիրում նրան բռնել էին շեյխի գործակալները, հանգստացնող միջոցներ էին ներարկել եւ հետ էին տարել Դուբայ, որտեղ նա շարունակում է մնալ անազատության մեջ: Քեմբրիջշիրի ոստիկանները ցանկացել են այցելել Դուբայ՝ արքայադստեր առեւանգման հետաքննության շրջանակներում, սակայն բրիտանական ոստիկանության խնդրանքը մերժվել է:

Ըստ The Sun-ի՝ արքայադուստր Շամսային 20 տարի հասարակության մեջ չեն տեսել: Ասում են, որ նա Դուբայում որպես բանտարկյալ ապրում է «ոսկե վանդակում»: Անանուն աղբյուրի խոսքով՝ երկու տասնամյակ արքայադստերը խոշտանգել են, բանտարկել եւ թմրանյութեր ներարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ