News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին փետրվարի 14-ին մեղադրանք առաջադրելուց հետո քննչական մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացրել, բացի նրանից, որ պաշտպանի բոլոր միջնորդությունները մերժել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Մեղադրանքի հետ կապված մի քանի միջնորդություն էր. մեղադրանքի հստակեցման հետ կապված, մեղադրանքի պարզաբանման հետ կապված, մեղադրանքի որոշման մեջ նշված փաստաթղթային ընդհանուր բազաները մեզ ծանոթացնելու վերաբերյալ, որպեսզի հնարավորություն ունենայինք ցուցմունք տալու։ Այդ բոլոր միջնորդությունները քննիչը մերժել է»,- նշեց պաշտպանը։

Գալստյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման դեմ բողոք են ներկայացրել նաեւ դատախազին, որը մերժվել է։ Նշենք, որ  նրա նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Մարդուն որպես մեղադրյալ ներգրավեցին, որպեսզի լրատվամիջոցներով տարածեն այդ հանգամանքը։ Մենք այլ գործողություններ անելու միջնորդություններ ենք պատրաստում։ Կարծում եմ՝ որոշակի միջնորդություններ կան, որոնք նախաքննական մարմինը պարզապես չանել չի կարող»,- նշեց նա։

Պաշտպանն ասաց, որ մերժված բոլոր միջնորդությունները կբողոքարկեն նաեւ դատախազին, հնարավորության դեպքում նաեւ՝ դատարան։

Բենիկ Գալստյանի խոսքով՝ քննիչը Տարոն Մարգարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ նրա գտնվելու վայրն ու Հայաստան վերադառնալու օրն իմանալով։

Նա նշեց, որ Մարգարյանը չի հարցաքննվել, առերեսում չի եղել. «Տարոն Մարգարյանի դեմ ցուցմունք չկա, որ առերեսում լինի»։

Պաշտպանն ասաց, որ Տարոն Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Մեղադրանքը ծայրահեղ անորոշ ու անհիմն է։ Մեղադրանքը հիմնված է որոշակի անհիմն ենթադրությունների վրա»։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի բաժինների 2 պետերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երեւան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր եւ իր մերձավորների համար առանձնացնել եւ ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց եւ հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին եւ աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Նշենք, որ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ