Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը հրաժարական է տվել առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անձամբ ասաց մարզպետը` Արամ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, իր հրաժարականի պատճառը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ տեղի ունեցած կոնֆլիկտն է, մարզպետն արձագանքեց. «Մամուլում շրջանառվող լուրերին մի հավատացեք, մարդ մի օր աշխատում է, մյուս օրն էլ` անցնում է այլ աշխատանքի: Առողջական խնդիրներ ունեմ, այսօրվանից էլ գնում եմ բուժման, կվերադառնամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ որեւէ կոնֆլիկտ չի եղել,  այդ բոլորը հորինված պատմություններ են»:

Իսկ բուժումից հետո ի՞նչ աշխատանքի է անցնելու, հարցին էլ, պատասխանեց. «Ոչ ոք դա չի կարող ասել»: Քոչարյանը պատրաստվում է իր մեկամսյա արձակուրդն անցկացնել բուժվելով, հավանաբար Մոսկվայում:

Մարզպետի հավանական թեկնածուների մասին նա չցանկացավ ոչինչ ասել: «Կարող է պատահի, ես արձակուրդից վերադառնում եմ առողջացած եւ Կառավարությունը ինձ ասում է` Դուք առողջ եք արդեն, միգուցե փոխեք ձեր միտքը»,- ասաց նա:

Բայց Դուք ցանկություն ունե՞ք շարունակելու ձեր պաշտոնավարումը բուժումից հետո, հարցին ի պատասախան` Արամ Քոչարյանն ասաց. «Պրովակացինոն հարցեր եք տալիս, ինչ տրված է Կառավարության կայքում եւ ինչ ես եմ ձեզ ասում, ավելին չեմ կարող ասել: Ես տրամադրված եմ, տրամադրված չեմ, ոչ մի բան էլ չեմ, այս պահին ինձ հետաքրքրում է իմ առողջական խնդիրը, ես գնում եմ բուժվելու»:

Նշենք, որ հուլիսի 12-ին, Լոռիի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Խալաթյանը, անդրադառնալով մարզպետի հրաժարականի դիմումի մասին լուրին, ասել էր. «Նա հրաժարականի մասին աշխատողներին որեւէ բան չի ասել, միայն ասաց, որ տարբեր տեսակի խոսակցություններ կան եւ նմանօրինակ բանահյուսություններին պետք չէ հավատալ: Ավելին՝ մեզ հորդորեց իր բացակայության ընթացքում ավելի եռանդուն աշխատել: Ինքը եւս խոստացավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո ավելի եռանդուն կաշխատի»,- ավելացրել է Սամվել Խալաթյանը:

NEWS.am-ի հարցին, թե այդ ինչպես է ստացվում, որ Ձեր մամուլի ծառայության ղեկավարը հերքում է հրաժարականի մասին լուրը, մարզպետը պատասխանեց. «Մամլո ծառայության պետը հիմարություն է արել եւ դրա համար այսօր խիստ դիտողության է ստացել»: