Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքից ազատված արդեն նախկին 70 աշխատակիցների մի մասն արդեն վերադարձել է աշխատանքի, հնարավոր է` մյուսներն էլ վերադառնան: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը: «Քաղծառայության համապատասխան մրցույթներին մասնակցելուց եւ արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի նշել թվային տվյալներ»,- ասաց նա:
Պիպոյանի խոսքով`աշխատանքից ազատված աշխատակիցների վերադարձը ծառայություն, կախված է միմիայն նրանցից, արդյոք նրանք կկարողանա՞ն հաղթահարել մրցույթը, թե` ոչ: Բաբկեն Պիպոյանի խոսքով` նոր ծառայությունում աշխատատեղերի կրճատում չի եղել, ավելին` նախկին աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել նաեւ տեսչության նոր բացվող 40-50 աշխատատեղերում, որոնք կլինեն ադմինիստրատիվ ոլորտում:
NEWS.am-ի դիտարկմանը, թե աշխատանքից հեռացված աշխատակիցները Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասել էին, որ չեն ստացել երկու ամսվա աշխատավարձ, այժմ ստացե՞լ են, նա պատասխանեց, որ աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մեկ ամսվանն էլ անպայման կստանան:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունների վերամիավորման արդյունքում վերջերս ստեղծվել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Գուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով համակարգից հեռացված եւ կադրերի ռեզերվ ուղարկված անձանց գործերը հանձնվել են երկրի բարձրաստիճան ղեկավարությանը եւ Քաղծառայության խորհրդին, կատարվում են ուսումնասիրություններ: NEWS.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արդեն նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը նշել էր, որ Գյուղատնտեսության նախարարության կադրերի բաժինը կոպտագույն սխալ է թույլ տվել` մարդկանց ազատելով աշխատանքից եւ չուղարկելով կադրերի ռեզերվ:



























