Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում երեք ամիս ղեկավարած, այնուհետեւ վարչապետի որոշմամբ` աշխատանքից ազատված Գրիգոր Գրիգորյանը որեւէ կերպ չի ցանկանում մեկնաբանել իր պաշտոնանկության պատճառները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդեն նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:
«Իմ աշխատանքից ազատվելու պաշտոնական պատճառը հրապարկվել է, ես չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ: Երկրի ղեկավարությունը անում է այն, ինչ երկրի համար ճիշտ է համարում»-ասաց նա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե նրա պաշտոնանկության պատճառը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ ունեցած կոնֆլիկտն է, նա նշեց. «Ամեն մարդ ունի իր աշխատանքի ոճը, ի՞նչ է նշանակում կոնֆլիկտ, նա հանրապետության գյուղատնտեսության նախարարն է, մենք սիրահարված զույգ չենք, որ իրար հետ յոլա չգնանք»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Գրիգորի Գրիգորյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի օգնական Արամ Անանյանը նշել էր, որ Գրիգոր Գրիգորյանի աշխատանքը գնահատվել է ոչ բավարար: Իսկ ահա Գրիգոր Գրիգորյանը ձեռնպահ մնաց իր իսկ աշխատանքը գնահատել:
«Ես չեմ ուզում ինձ գնահատական տալ. թող հանրությունը եւ մեր մասնագիտական շրջանակները գնահատեն»,- ասաց նա: Հարցին, թե դուք վա՞տ աշխատող էիք, որ ձեզ ազատել են աշխատանքից, նա պատասխանեց. «Կխնդրեմ այդ մեկնաբանությունը վերցնեք իմ ղեկավարությունից»: Իսկ թե որքանով էր անակնկալ Գրիգոր Գրիգորյանի համար իր պաշտոնանկության լուրը, նա նշեց, որ ոչինչ իրեն անակնկալի չի բերում:
«Ես իմ մասնագիտական բոլոր կարողությունները եւ մեթոդները ներդրել եմ, որ սննդի անվտանգության ոլորտը բարելավվի, միգուցե դա գնահատվել է ոչ բավարար, ոչ մի բան չունեմ ասելու, համենայն դեպս, արվել է ամեն ինչ բավականին ծանր պայմաններում, որովհետեւ երբ ես նշանակվեցի, ամեն ինչ միմիայն թղթի վրա էր, կառուցել ենք ծառայությունը բավականին բարդ ժամանակահատվածում բավականին քիչ ռեսուրսներով»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ` այդ պաշտոնում Գ. Գրիգորյանին փոխարնել է ԿԸՀ արդեն նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը: Նախկին պետը ձեռնպահ մնաց Աբրամ Բախչագուլյանի պաշտոնավարմանը գնահատական տալուց` նշելով միայն. «Ժամանակը ցույց կտա»: Իսկ ահա Աբրահամ Բախչագուլյանի` պաշտոնի նշանակվելուց հետո ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ շատ կցանկանար, որ ԿԸՀ նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանին տեսնել ոչ թե սննդի անվտանգության ապահովման ոլորտում, այլ հենց ԿԸՀ-ում։ «Վստահ եմ, որ Բախչագուլյանը կկարողանա բարձրացնել բյուղատնտեսության բարդ ոլորտը. ԿԸՀ-ի փորձը կօգնի նրան»,- համոզմունք էր հայտնել Ազարյանը։
Հիշեցնենք, որ Գրիգոր Գրիգորյանը` Սննդի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում նշանակվելուց հետո Գումի մսի շուկայում ստուգումներ էր անցկացրել եւ կասեցրել էր մի շարք կրպակների գործունեությունը: Դրան հաջորդել էր ծառայության մոտ 70 աշխատակիցների աշխատանքից ազատումը, որի վերաբերյալ Գ. Գրիգորյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Գյուղատնտեսության նախարարության կադրերի բաժինը կոպտագույն սխալ է թույլ տվել` նախարարության բազմաթիվ աշխատակիցների ազատելով աշխատանքից եւ չուղարկելով կադրերի ռեզերվ:
Մամուլում բազմիցս հրապարկումներ են եղել նաեւ այն մասին, որ պետի պաշտոնում նշանակվելուց հետո Գրիգոր Գրիգորյանը որոշել էր վեր հանել նախկին պետի` Գրիշա Բաղյանի օրոք կատարված չարաշահումները: Այդ կապակցությամբ նրա եւ արդեն փոխնախարար նշանակված Բաղյանի միջեւ հարաբերությունները սրվել էին:
Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը նախկինում աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այժմ հանգստանում է Հայաստանում, դեռ նոր աշխատանքի անցնելու ծրագրեր չունի:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը




























