News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստարտափների համար ներդրումներ գրավելու եւ «միաեղջյուրի» կարգավիճակի ձեռքբերելու հարցում աջակցություն, ինտրիգային ու հեռանկարային Ջուղայի ցանցի ստեղծում, աշխատակիցներին բաժնետերեր դարձնելու (ESOP) եւ միաձուլումների ու կլանումների (M&A) ծրագրերի բոլոր դրական եւ բացասական կողմերը․ այս թեմաները քննարկվել են Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթաժողովում։

Նշված թեմաների քննարկումն, իհարկե, ինքնանպատակ չէ։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները հույս ունեն ոչ միայն խոսել հետաքրքիր թեմաների մասին եւ գնալ տուն, այլեւ իրական ուղիներ գտնել Հայաստանին եւ նրա տնտեսությանը օգնելու համար։

Գագաթաժողովին մասնակցելու համար Երեւան էին ժամանել ընկերությունների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ, տեխնոլոգիաների, ֆինանսների եւ բիզնեսի ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ։ Նրանց թվում են մասնագետներ համաշխարհային առաջատար ընկերություններից, ինչպիսիք են Adobe-ը, SADA-ն, Embodied-ը, cognaize-ը, Scylla-ն, Grand Thornton-ը, Startup Lithuania-ն եւ այլն։

Գագաթաժողովին մասնակցում էր նաեւ ներդրումային բանկերի ֆինանսական խորհրդատվության ոլորտի հայտնի մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության»կառավարման անդամ Մարկ Չենյանը, որը ներդրումային բանկային գործունեության ավելի քան 50 տարվա փորձ ունի եւ մասնագիտացած է ակտիվների կառավարման ոլորտում։

Առաքելություն. ներդրումների չափը հասցնել 50 միլիոն դոլարի

Orion World Wide Innovations-ի հիմնական նպատակը երկրների եւ նրանց տնտեսությունների էքսպոնենցիալ աճի արագացումն է, նրանց էկոհամակարգերի կատարելագործումը եւ թվային փոխակերպման առաջադեմ մեթոդների առաջարկումը: Այս նպատակներին հասնելու համար կարեւոր դեր է խաղում ստարտափներին աջակցելը եւ նրանց բոլոր մակարդակներում օգնություն ցուցաբերելը: Ահա թե ինչու ստարտափները եւ այն ամենը, ինչ կարող է կապված լինել նրանց հետ, հայտնվել են OrionSummit 2022-ի ուշադրության կենտրոնում։

OrionArmenia-ի հիմնադրամի ղեկավար եւ համահիմնադիր Դիանա Արզումանյանի խոսքով՝ ստարտափների ֆինանսավորում գտնելու համար հիմնադրամը արդեն երկու տարի համագործակցում է վենչուրային կապիտալիստների, «բիզնես-հրեշտակների, ընտանեկան գրասենյակների եւ բիզնես-աքսելերատորների հետ։

«Մենք ուզում ենք Հայաստանը տեսնել որպես ստարտափ-կողմնորոշված երկիր։ Մեր նպատակը ստարտափների համաշխարհային շուկա մուտք գործելու բազա դառնալն է, եւ դրա համար մենք պետք է ամեն օր աշխատենք նրանց հետ։ Մենք համագործակցում ենք BAJAccelerator համաշխարհային մակարդակի աքսելերատորի հետ, որը վերջին 2 տարիների ընթացքում աշխատել է Հայաստանի ավելի քան 40 ստարտափների հետ։ Մենք սերտորեն համագործակցում ենք դեսպանությունների հետ եւ հայկական նորույթներ ենք ներկայացնում նրանց։ Անցյալ տարի մեզ հաջողվեց ներգրավել 27 միլիոն դոլար, որը, վստահ եմ, երկարաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ այս դեպքում մենք կկարողանանք կրկնապատկել կամ եռապատկել Հայաստանի ՀՆԱ-ն»,- ասաց Դիանա Արզումանյանը։

Նրա խոսքով, այս տարի ներդրումներն արդեն սկսվել են, եւ մինչեւ տարեվերջ մասնագետները հույս ունեն կրկնապատկել նախորդ ցուցանիշները ու հասցնել 50 միլիոն դոլարի։

Արզումանյանը նաեւ հուսով է, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում կլինի առնվազն 10 «միաեղջյուր» (ընկերություններ, որոնք կարողացել են արագ հարմարվել թվային տնտեսության իրողություններին եւ ստացել են ավելի քան 1 միլիարդ դոլար արժեքի շուկայական գնահատում), ինչը կավելացնի Հայաստանի ՀՆԱ-ն։

Թվային Ջուղա

DigitalJulfaNetwork թվային ցանցը կարեւոր նորամուծություն է, որի մասին հայտարարվել է OrionSummit 2022-ի ժամանակ: Այս նախաձեռնության նպատակն է համախմբել հայկական մտավոր, տեխնոլոգիական, կոմերցիոն եւ մշակութային ուժերին, համաշխարհային մասշտաբով վերստեղծել Հայաստանի եւ հայության տնտեսական եւ ինտելեկտուալ դիրքավորման հզոր ցանցը։

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 17-րդ դարում Նոր Ջուղայից հայ վաճառականների ցանցը առեւտուր է արել Հնդկական օվկիանոսից մինչեւ Միջերկրական ծով: Այս մարդկանց հաջողվել է հզոր ցանց ստեղծել տնտեսության, իրավունքի, առեւտրի եւ նորարարության ոլորտներում, եւ այդ ցանցը գոյատեւել է 300 տարի։ Այժմ նախատեսվում է ոչ միայն վերականգնել մեր նախնիների ժառանգությունը, այլեւ բարելավել այն, արդիականացնել 21-րդ դարի պահանջներին համապատասխան։

Չորս դար առաջ, մասնագետի խոսքով, չեն եղել այսօրվա հաղորդակցություններն ու տեխնոլոգիական զարգացումը, բայց այսօր մենք ունենք բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնց մասին մարդիկ նախկինում չէին էլ կարող երազել՝ ընդամենը հաշված րոպեների ընթացքում, առանց տնից դուրս գալու, մենք կարող ենք խոշոր պայմանագրեր ու համաձայնագրեր կնքել, աշխատել նոր ապրանքներով, կազմակերպել ներմուծում եւ արտահանում, կատարել բանկային գործարքներ։ Ուստի Առաքելյանը վստահ է, որ 21-րդ դարում հնարավոր է ոչ միայն վերականգնել Նոր Ջուղայի ժառանգությունը, այլեւ բարելավել այն ու հասնել էլ ավելի մեծ արդյունքների։

Ինչպես նշեց Առաքելյանը, այս նախագծում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտները։ Մեր ստարտափները, նրա խոսքով, նույնպես պետք է ներգրավվեն DigitalJulfaNetwork-ում, քանի որ ցանցը նրանց ավելի շատ հնարավորություններ կտա։ Ցանցում պետք է ներգրավվեն նաեւ գիտատեխնիկական բոլոր ընկերությունները, ինչպես նաեւ համալսարանների դասախոսական կազմերը։

«Այս ամենը Հայաստանում է սկսվել, սակայն չպետք է Հայաստանով սահմանափակվի։ Մարկ Չենյանը, որը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու եւ դիրքավորելու նպատակ ունի, ստեղծել է 156 գիտնականների մեծ խումբ, որը գագաթաժողով կանցկացնի Ղազար կղզում, որը Ջուղայի կղզիներից մեկն է եղել։ Սա ցանցի շարունակումն է: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ մենք համագործակցում ենք հայկական վենչուրային ընկերությունների, բանկային ընկերությունների եւ Կենտրոնական բանկի հետ։ Կան տարբեր հարցեր, որոնք բոլոր ընկերությունները կարող են միասին լուծել՝ երկրին հարստություն ու բարգավաճում բերելու համար»,- ասաց Էմմա Առաքելյանը։

ESOP. աշխատակիցներին դարձնել գործընկերներ

Աշխատակիցներին բաժնետերեր դարձնելու ESOP ծրագրերը Orion Summit 2022-ի կենտրոնական թեմաներից են: Ընկերությունների աշխատակիցներին բաժնետերեր դարձնելու հայեցակարգը աշխատողներին խրախուսելու, ոգեշնչելու եւ պարգեւատրելու լավագույն լուծումներից մեկն է համարվում։

Գագաթաժողովի բանախոսների կարծիքով՝ ESOP-ը, որպես գործիք, կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանում տաղանդներին պահելու եւ խրախուսելու գործում։ Եթե աշխատողը կարող է ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ ունենալ, եւ ապագայում դառնալ միլիոնատեր՝ ընկերությունների միաձուլման եւ կլանումների (M&A) կամ արժեթղթերի հրապարակային առաջարկի (IPO) արդյունքում, ապա նա դժվար թե որոշի մեկնել այլ երկրներում աշխատելու:

Ameriabank-ը Հայաստանում առաջիններից էր, որ դեռեւս 2016 թվականին ներդրեց աշխատակիցներին բաժնետոմսեր տրամադրելու ծրագիրը։ Իրավաբանական հարցերով տնօրեն Դավիթ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ընկերության աշխատակիցը դառնում է բաժնետոմսերի սեփականատեր, դա իր համար հսկայական մոտիվացիա է։ Ավելին, նա հնարավորություն է ստանում մասնակցել ընկերության ներկային եւ ապագային վերաբերող որոշումներին։ Ճիշտ մոտեցման դեպքում այս ամենը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ինչպես ընկերության աշխատակիցների աշխատանքի, այնպես էլ հենց այս ընկերության հեռանկարների ու ապագայի վրա։

Հայաստանում դեռ բավականին քիչ ընկերություններ կան, որոնք պատրաստ են իրենց աշխատակիցներին բաժնետեր դարձնել։ Շատերը նախընտրում են բիզնեսի, այսպես կոչված, «ընտանեկան» կառավարումը։ Սակայն նրանք, ովքեր արդեն ընտրել են ESOP-ի ուղին, վստահ են, որ այն ունի բազմաթիվ առավելություններ եւ հեռուն գնացող հեռանկարներ։

M&A. միաձուլումներ եւ կլանումներ

Շատ ստարտափներ եւ այլ ընկերություններ ինչ-որ փուլում կանգնում են բարդ որոշման առաջ՝ ո՞ր ճանապարհն ընտրել հետագա զարգացման համար: Ընկերության բաժնետոմսերը տրամադրել աշխատակիցների՞ն (ESOP), թե այդ բաժնետոմսերը շուկա հանել (IPO)՝ բավականին տարածված ուղիներ, հատկապես զարգացած երկրներում: Իսկ ահա հայկական ընկերությունները գնալով ավելի հաճախ են դառնում միաձուլումների եւ կլանումների (M&A) մասնակիցներ։

M&A-ի լավ օրինակ է Workfront ընկերության ձեռքբերումը հայտնի հսկա Adobe-ի կողմից: Adobe-Armenia-ի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, թե շատ կարեւոր է, որ M&A-ի միջոցով բիզնեսի խոշորացման գործընթացներում ներգրավված ընկերությունները մշակութային նմանատիպ արժեքներ ունենան։ Ձեռք բերված ընկերության ճիշտ ինտեգրումը հաջողության ամենակարեւոր գրավականներից մեկն է:

SADA ընկերությունը վերջերս ձեռք է բերել նաեւ հեռանկարային հնդկական ընկերություն: Այս փորձառության մասին գագաթաժողովի ժամանակ, ինչպես նաեւ NEWS.am-ի հետ հարցազրույցում խոսեց SADA-ի ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը։

Հայտնի ջազմենը եւ Կոմիտասի նրա մեկնաբանությունը

Թվում է՝ ի՞նչ կապ կարող է լինել երաժշտի եւ տեխնոլոգիական գագաթաժողովի միջեւ։ Ինչպես պարզվեց, կապ, այնուամենայնիվ, կա։ Ինչպես նշեց Էմմա Առաքելյանը, արվեստը եւ Orion Summit-ը ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանի առաջընթացին, նրա հաջողակությանը։

Այդ իսկ պատճառով գագաթաժողովի կազմակերպիչները չշրջանցեցին նաեւ արվեստը՝ հայտնի ջազմեն Ջոել Ա. Մարտինը Կոմիտասի ստեղծագործությունները կատարեց ջազային մեկնաբանությամբ։ Ավելին, հյուրերը հնարավորություն ունեցան հիանալու հայ ժամանակակից նկարիչների նկարներով եւ այլ աշխատանքներով, ծանոթանալու տեղի խոհանոցին ու գինիներին։

Էմմա Առաքելյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ Ջոել Ա. Մարտինի հետ ծանոթացել է 2019 թվականի գարնանը՝ նրա համերգներից մեկի ժամանակ։

«Ես շատերին եմ տալիս այս հարցը, եւ նրան էլ հարցրեցի. «Հայկական երաժշտությունից որեւէ բան նվագո՞ւմ ես»։ Նա ասաց, որ դեռ ոչ, բայց հաճույքով կծանոթանա հայկական երաժշտությանը։ Կոմիտասի ձայնագրություններն ուղարկեցի նրան, շատ հավանեց։ Որոշ ժամանակ անց մենք նորից հանդիպեցինք Նյու Յորքում ընթրիքի ժամանակ, որտեղ հրավիրված էր մի երգչուհի, որը կատարում էր Կոմիտասի երգերը։ Ջոելը նրան լսելուց հետո հայտարարեց, որ մտադիր է խորությամբ ուսումնասիրել Կոմիտասին եւ նրա ստեղծագործությունը։ Եվ շատ շուտով նա սկսեց աշխատել գործիքավորումների վրա»։

2019 թվականի աշնանը երաժիշտն առաջին անգամ եկավ Հայաստան եւ այցելեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես՝WCIT։ Միջոցառումից հետո նա որոշեց նոր ալբոմ գրել։ Կորոնավիրուսի համավարակը փոքր-ինչ խանգարեց նրա ծրագրերին, սակայն 2021 թվականին Komitas-PassionofFire ջազային ալբոմն արդեն պատրաստ էր։ Ինչպես նշեց Էմմա Առաքելյանը, այդ ժամանակվանից երաժիշտը ելույթ է ունենում բոլոր հայտնի ռադիոկայաններում, իսկ Նյու Յորքում արդեն 30-ից ավելի համերգներ է տվել՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական Կոմիտասին եւ նրա մեղեդիների իր մեկնաբանությունը։

Հայաստանում երաժիշտն առաջին անգամ այս ստեղծագործությունները կատարել է Orion Summit-ում։ Նա նաեւ նախատեսում է նվագել Կամերային երաժշտության տանը եւ մի քանի ջազ-ակումբներում։

Հայ ժողովուրդը պետք է հարստանա եւ ապրի բարեկեցության մեջ

Orion Summit 2022-ի նպատակը, ինչպես նշեց Էմմա Առաքելյանը, Հայաստանը հզոր, հարուստ եւ բարգավաճող երկիր դարձնելն է։ Եվ, իհարկե, հասկանալը, թե կոնկրետ ինչպես կարելի է դրան հասնել։

«Շատ աշխատել, լավ ստարտափներ ունենալ, լավ համալսարան ունենալ, նույնիսկ լավ պետական ծրագրեր. այս ամենը, իհարկե, շատ լավ է, բայց դա մեզ չի տանի դեպի այն ապագան, որին ձգտում ենք, այն է՝ Հայաստանը դարձնել հարուստ, բարգավաճող երկիր։ Հայաստանը պետք է դառնա հարուստ երկիր, հայ ժողովուրդը պետք է հարստանա ու ապրի բարեկեցության ու լիության մեջ։ Սրանք նպատակներ են ամբողջ հայության համար, բոլոր հայերի համար, որտեղ էլ նրանք լինեն: Ուստի մենք պետք է գործընկերներ գտնենք՝ տեղական, տարածաշրջանային, միջազգային, որպեսզի նրանց օգնությամբ կարողանանք ավելի արդյունավետ իրականացնել մեր նպատակները»,- ասաց Orion Worldwide Innovations-ի հիմնադիրը։


Նրա կարծիքով՝ վերջին իրադարձությունները եւ հատկապես 44-օրյա պատերազմը ցույց տվեցին, որ երկրի ու հայերի շահերի լոբբինգն ու պաշտպանությունը դեռ թույլ կետն են, եւ այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատել։

«Մենք պետք է փոխենք մեր երկրի դիրքն աշխարհում, եւ մեր բոլոր ծրագրերը հենց այս նպատակն են հետապնդում»,- ասաց Էմմա Առաքելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ