Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի եւ գերեզմանին հարակից տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
«Այս պահին էլ քանդում են, ոչինչ հաշվի չեն առնում։ Մոտավորապես արդեն տասը տուն քանդել են։ Կարմիր բերետավորներն այստեղ են։ Մենք էլ լուռ նայում ենք, թե ինչպես են քանդում վարկով սարքած տները։ Դե արդեն միակ ելքը մնում է երկրից դուրս գալը։ Այնքան շատ ոստիկանական ուժեր կան, չէինք պատկերացնում, որ մեր երկրում այսքան մարդ կա»,- պատմեց բնակիչը։
Անդրադառնալով բերման ենթարկվածներին՝ բնակիչն ասաց, որ նրանցից մի քանիսը արդեն ազատ են արձակվել․ «Բերման ենթարկվածների մի մասը վնասվածքներով վերադարձել են, մյուսների մասին չունենք տեղեկություն»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի եւ գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի եւ առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Նշված բոլոր շինություններն ապօրինի են եւ կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։
Սիլիկյան թաղամասում իրավիճակը լարվել է. կարմիր բերետավորները բերման են ենթարկել քաղաքացիներին





























