Այսօր` հոկտեմբերի 25-ին ժամը 12-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանն ու Վահագն Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը, ում որոնց նկատմամբ ՀՔԾ-ում բռնություն է կիրառվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հայտարարել են իրենք երիտասարդները, ովքեր արդեն դուրս են եկել ՀՔԾ-ից:

Նրանք ՀՔԾ են գնացել փաստաբան Ստեփան Ոսկանյանի ուղեկցությամբ:

Վահագն Գեւորգյանը պատմել է, որ ժամը 12-ին, ՀՔԾ քննիչ Գեւորգ Գեւորգյանը կանչել է հարցաքննության, օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Հենց սկզբից նա սկսեց վիրավորել, մենք փորձեցինք դուրս գալ, արգելեցին։ Քննիչը սպառնում էր կալանավորել։ Այնուհետ կանչել է սենյակ, բռնություն կիրառել իմ նկատմամբ։ Մենք պատռեցինք անցագրերը եւ դուրս եկանք ՀՔԾ-ից։

Մենք հրաժարվել էինք քննչական գործողությունից իսկ նա իրեն պահեց գողականի պես՝ ոնց թե հրաժարվես»,- նշել է Վահագն Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին, Ազատության հրապարակի մոտ միջադեպ էր գրանցվել ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ, որից հետո  9 երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել, բացառությամբ Տիգրան Առաքելյանի, ով կալանավորվել էր: