Ոստիկանության Կոտայքի բաժնում, այսօր` նոյեմբերի 21-ի գիշերն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, ատրճանակով եւ դանակներով զինված դիմակավոր երեք անձինք մուտք են գործել նշված գյուղի տներից մեկն ու ատրճանակի եւ դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպելով տանտիրոջն ու տանտիրուհուն՝ ծեծի են ենթարկել նրանց եւ հափշտակելով 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ, 1 դույլ նուշ՝  դիմել են փախուստի:

Տանտերը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: