2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Արևմուտքը խզեց կամ սահմանափակեց տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանը դարձավ մի շարք ապրանքների վերաարտահանման տարանցիկ երկիր։ Մաքսային ծառայության ներկայացրած տվյալներով, 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 29.1 տոննա կիսամշակ կամ անմշակ ոսկի, որի 71 տոկոսը՝ Արաբական միացյալ էմիրություններ։ Արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։

NEWS.am–ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանը նշեց, որ Հայաստանը տարանցիկ երկիր է հանդիսացել Ռուսաստանից արտահանվող ապրանքների համար, քանի որ ԵԱՏՄ երկրների միջև արտահանումն իրականացվում է առանց մաքսային տուրքի։

«Այս պարագայում ոսկին եկել է Հայաստան, վրան փակցվել է made in Armenia պիտակը, և արտահանվել է այլ երկրներ։ 2023 թվականին Հայաստանից արտահանումների 70 տոկոսը Ռուսաստանից եկող ապրանքներն են. դրա պատճառով արհեստականորեն ուռճացվել է Հայաստանից արտահանումների թիվը, մինչդեռ դեպի մեր հիմնական գործընկեր երկրներ արտահանումը կրճատվել է։ 2024 թվականին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նախորդող տարվա համեմատ կրճատվել է 17 տոկոսով, իսկ դեպի ԵՄ՝ 25 տոկոսով»,–նշեց տնտեսագետը։

Աղասի Թավադյանի խոսքով, սակայն Հայաստանը դադարում է ոսկու և ադամանդի արտահանման տարանցիկ երկիր լինելուց, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2024 թվականի մարտին արտահանվել է 1.1 մլրդ դոլարի ոսկի, իսկ նոյեմբերին՝ ընդամենը 119 մլն դոլարի։

«2022 թվականի 12.6 տոկոս տնտեսական աճը պայմանավորված էր Ռուսաստանից կապիտալի արտահոսքով, բայց այդ ժամանակ փողը հոսել է բանկային համակարգով, և ամբողջ տնտեսությունը դրանից օգտվել է։ Իսկ ոսկու արտահանման դեպքում, դրանով մի քանի անձ է զբաղվում, իրականում տնտեսությունն այդ գումարը չի տեսնում, այդ միլիարդները մեր տնտեսությունում չեն մնում, զուտ արհեստականորեն ուռճացնում են ցուցանիշները»,–նշեց տնտեսագետը։