Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021թ. մայիսից։ Այս մասին X-ի տեսաուղերձում ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Հայաստանն իրավունք ունի հետ կանչել գործերը Միջազգային քրեական դատարանից, սակայն դատախազը, միեւնույն է, իրավունք ունի հետաքննել հանցագործությունները իրավադատության տարածման պահից՝ 2021թ. մայիսի 10-ից եւ հետ կանչելուց հետո մեկ տարվա ընթացքում», - ասել է Օկամպոն։

Նրա խոսքով՝ Երեւանը չի կարող կանգնեցնել Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին 3-4 տարիների դեպքերի հետաքննությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Antlantic council-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին. «Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։

Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից»: