«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել: Այս մասին գրել է «Հետք»-ը:
Ներկա փոխարժեքով 2,7 մլրդ դրամը հավասար է 6,9 մլն դոլարի: Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը, ինչպես կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է եղել:
Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, ինչպես նաեւ Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել: Նա նաեւ նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զավթման» արդյունքում քանդել են «ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ կոմպետենտ» անձինք:
Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը:
Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից:
Ընկերության ստեղծումից ընդամենը 5 տարի անց՝ 2024 թ. գարնանը, Փաշինյանի կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթաց սկսել: Այսօր ԱՆԻՖ-ը դեռ կա, գործում է, բայց դրա անփառունակ վախճանը սարերի հետեւում չէ:
2024-ի օգոստոսին գործադիրը որոշել է, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել:
Ընկերությունում այս պահին ընդամենը 3 հոգի է աշխատում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ավագ հաշվապահն ու իրավախորհրդատուն, որին 2024-ի դեկտեմբերին աշխատանքի են ընդունել կոնկրետ նպատակով՝ նախկին տնօրեն Փափազյանի հետ դատական վեճի շրջանակներում վերաքննիչ բողոք ներկայացնելու եւ ԱՆԻՖ-ի շահերը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Դ. Փափազյանը դատարանում վիճարկել էր 2024 թ. հունվարին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կողմից իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը, եւ առաջին ատյանի դատարանում նույն տարվա աշնանը հաղթել էր, սակայն ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Չմոռանանք նաեւ, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի առանցքում ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ վստահված գույքը հափշտակելու հոդվածներն են. նշվածները համարվում են կոռուպցիոն հանցագործություններ:
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալներ մինչ օրս չկան, սակայն վարչապետը հունվարի 31-ի իր ասուլիսում ԱՆԻՖ-ին տվեց այսպիսի գնահատական. «Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ: Ու՞մ ա պետք դատել, պետք ա դատե՞լ, թե՞ պետք չի դատել. ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ: Ես դա համարում եմ նաեւ վստահության անթույլատրելի չարաշահում: Անթույլատրելի, խայտառակություն… ինչ բառ ուզեք ասեք, ես համաձայն կլինեմ էդ բառերի հետ»:
Իսկ հարցին, թե արդյոք պետք է այս ամենն ունենա քաղաքական հետեւանքներ (ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ավինյանն այսօր Երեւանի քաղաքապետն է ու Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) վարչապետն արձագանքել է. «Նախ պիտի պարզենք, թե ինչ ա եղել, դրա հաշվապահությունն էլ պիտի պարզվի… Ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի: Բայց մյուս կողմից՝ կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականություն են: Ուրիշ խնդիր ա, թե էդ ընկերությունների վիճակը ոնց ա, ինչքանով են ճիշտ կառավարվել, ինչքանով են արդյունավետ կառավարվել: Սա ավելի շատ խորը վերլուծության անհրաժեշտություն ունի, եւ իրավապահները պետք ա դրանով զբաղվեն: Բայց եթե քաղաքական գնահատականի մասին ա, ես ասում եմ էդ գնահատականը՝ դա ձախողում ա եւ խայտառակություն… Էստեղ մի նյուանս էլ կա, որովհետեւ էս թեմայով քննարկումներ լինում են, եւ էնպես չի, որ կոնսենսուս կա: Կան ձայներ, որ ասում են, որ իրադրության գնահատականը ճիշտ չի: Չեմ ուզում մեղք անել… Կան բաժնեմասեր եւ այլն, եւ այլն, դրանց գնահատականը պետք ա տալ, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք էսօր էլ գործում են եւ այլն»:
Եթե հիմնվենք ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարության փոխանցած տվյալների վրա, ապա մոսկովյան ներկայացուցչության ստացած միլիարդավոր դրամներն ու դրա դիմաց գրանցած 0 արդյունքը թույլ են տալիս այն տեղավորել ոչ թե հաջողված օրինակների, այլ Փաշինյանի ասած խայտառակության ու ձախողման շրջանակներում: Սակայն ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ իր ղեկավարած մասնաճյուղի աշխատակիցները ներգրավված են եղել մի շարք ծրագրերում, որոնք հաջող ընթացք են ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




























