«Նորվեգացի հրաձիգ» Անդրես Բրեյվիկն այցելել է Բելառուս ընկերուհուն հանդիպելու համար, որի հետ ծանոթությունների կայքում նամակագրություն է ունեցել: Համենայն դեպս, հարցաքննության ընթացքում նա այդպես է ասել:
Բրեյվիկը հստակեցրել է, որ այդ կնոջ հետ ծանոթացել է մի ինչ-որ հատուկ ռեսուրսում, որն ուղղված է Արեւելյան Եվրոպայի կանանց եւ Արեւմտյան Եվրոպայի տղամարդկանց միջեւ կապեր հաստատելուն:
Այդ կայքի սեփականատերերը արդեն հաստատել են, որ Անդրես Բրեյվիկը գրանցված է, եւ դա հենց նա է, քանի որ գրանցվելիս անձը հաստատող իրական տվյալներ են պահանջվում:
Նորվեգիայի ոստիկանները հայտնել են, որ գիտեն Բրեյվիկի բելառուսցի սիրեցյալի անունը (այժմ այդ կինը բնակվում է ԱՄՆ-ում) եւ հույս ունեն հարցաքննել նրան:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, իր աղբյուրներից մեկը պնդում է, որ Բելառուսում Բրեյվիկը ՊԱԿ-ի գաղտնի ճամբարում մարտական պատրաստականություն է անցել: Փաստացի, Բրեյվիկը հերքում է այս տեղեկատվությունը: Սակայն նա հակասում է ինքն իրեն, քանի որ իր գիրք-մանիֆեստում նա գրել է, որ Բելառուս է այցելել Չեռնոբիլի աղետի հետեւանքներն ուսումնասիրելու եւ «վիկինգների գերեզման այցելելու» համար:




























