Նման խոսակցությունները նոր չեն, և օրինակ, գազի գնի կամ ապրանքների հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են, և եթե իրենք նման որոշում կայացնեն, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ՀԱՊԿ–ից, թե ԵԱՏՄ–ից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին Փաշինյան–Պուտին հանդիպմանը ըստ էության վերջնագրեր ներկայացվեցին Հայաստանին կապված թե ԵՄ անդամակցության, թե գազի գնի, թե այլ հարցերի հետ։

«Բայց չեմ կարծում, որ բանը դրան հասնի, որովհետեւ ես գիտեմ նաև, որ դրանից հետո շատ լավ զրույց է տեղի ունեցել երկրների ղեկավարների միջև, շատ արդյունավետ ու աշխատանքյին։ Հույս ունեմ, որ պարոն վարչապետը որ մասը ճիշտ կգտնի, կպատմի ձեզ, բայց միաժամանակ, այո, ընդունում եմ, որ այդ խոսակցությունը այնպես չէ, որ մենք հաճախ ենք դնում որևէ երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց միաժամանակ ՀՀ վարչապետը Հայաստանի կարծիքն ու տեսակետը ներկայացրեց։ Այն բոլոր հրապարակումները, որ համացանցում կան, այն գնահատականը կիսում են, որը ես տալիս եմ։

Դիտարկմանը, որ կարող է Հայաստանի համար գազի գինը բարձրանալ, ԱԺ նախագահն ասաց. «Այդպիսի խոսակցություններ էլի եղել են, եթե կգանք կհասնենք այն կետին, երբ ինչ–որ գործողությունների հետ կապված ինչ–որ բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կմեկնաբանի։ Մենք ՌԴ–ի դեմ չենք արել, չենք անում ու չենք անելու, բայց մենք միաժամանակ պաշտապնելու ենք ՀՀ շահերը»։