Հոլիվուդյան հայտնի աստղ Ջորջ Քլունին, այսօր` մարտի 16-ին, կալանավորվել է Վաշինգտոնում` Սուդանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  դերասանը մասնակցել է պիկետին` Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի քաղաքականության դեմ բողոք հայտնելու նպատակով: Միջոցառման մասնակիցներն ալ Բաշիրին մեղադրել են  երկրում հումանիտար ճգնաժամ ստեղծելու եւ երկրի հարավային  մասի բնակիչներին պարենից զրկելու համար:

Քլունիի հետ միասին ձերբակալվել է նաեւ նրա հայրը` Նիկ Քլունին, կոնգրեսական Ջիմ Մորանը եւ NAACP-ի նախագահ Բենջամին Ջելոսը: Ձերբակալման պատճառը եղել է նրանց կողմից ոստիկանական արգելափակոցներն անցնելը:

Միաժամանակ հաղորդվում է, որ ակցիայից երկու օր առաջ Քլունին հանդես էր եկել սենատորների առջեւ Սուդանի իրավիճակի վերաբերյալ զեկույցով:  Դերասանի խոսքով, ով վերջերս է վերադարձել  Հարավային Կորդոֆանից, Սուդանի հարավում մարդիկ ահավոր պայմաններում են բնակվում, նրանց տները ավերվել են ռմբակոծությունից: «Սուդանի կառավարությունը ագրեսիա է իրականացրել Դարֆուրում: Նրանք ռմբակոծել են նույնիսկ ոչ ռազմական նպատակով, խոսքը անմեղ մարդկանց մասին է»,- Քլունիին մեջբերել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: