Ապրիլի սկզբին  համաշխարհային լրատվամիջոցներում սենսացիոն նորություն հայտնվեց. 2011թ. տվյալներով` Չինաստանը դարձել է աշխարհի խոշորագույն մթերային շուկան ` $963,73 մլրդ դոլար ծավալով:  Այդ ոլորտում նախկինում գերիշխող ԱՄՆ-ն փաստորեն մղվեց երկրորդ պլան:  Իհարկե, ծավալն ինքնին քիչ բանի մասին է վկայում, պետք է հաշվի առնել նաեւ նշված երկրների բնակչության թվի տարբերությունը: Բայց այստեղ զարմանալին ուրիշ բան է:

Ինչպես հայտնի է, տասնամյակներ առաջ Չինաստանի գերագույն խնդիրը սննդամթերքի անբավարարությունն էր, երկրում փաստացի սով էր: Բայց նախորդ հարյուրամյակի  80-ականներից բնակչությանը սննդամթերքով ապահովելու հարցը լուծված էր, արտադրանքի մի մասն անգամ սկսեցին արտահանել: Այսպիսով, սոցիալիզմ կառուցող երկիրն այժմ արտահանման առաջատարն է, միաժամանակ գրավել է  մթերային շուկայում առաջին տեղը:

Իհարկե, Հայաստանի համար դժվար  է մրցել նման հզոր գերտերության հետ: Բայց կան հարցեր, որոնք կարելի էր լուծել մեր երկրում: Օրինակ, հենց նույն` բնակչությանը սննդամթերքով ապահովելը: Այդ հարցը տարածքի մեծության հետ կապ չունի: 

Փառք Աստծո, Հայաստանը Մոնակո չէ, առավել եւս` ինչ-որ գաճաճ կղզի-պետություն Խաղաղ օվկիանոսում: Մենք հարյուր-հազարավոր ագարակային տնտեսություններով  հողատարածքներ ունենք:

Սակայն տեղական ռեսուրսները, ասենք` անասնաբուծության արտադրանքը, չի բավարարում նույնիսկ ներքին պահանջարկը, այդ պատճառով էլ  արտահանման մասին խոսելն իսկ անհնար է: Բացի ձվերից, որոնց ներկրումն էպիզոդիկ բնույթ է կրում, եւ ծավալով քիչ է,  անասնաբուծության մյուս բոլոր արտադրանքների առումով  (ներառյալ թռչնաբուծությունը), ազգային շուկան կախված է ներկրումներից:

Այսպես, նախորդ տարվա տվյալներով, տավարի մսի 21 տոկոսն ապահովում է ներմուծումը: Խոզի մսի ցուցանիշն անհամեմատ բարձր է` 48,1 տոկոս, իսկ թռչնի մսի ցուցանիշն ապշեցուցիչ է` 87,3 տոկոս:

Ներմուծումն ավելի մեծ կլիներ, եթե մեր բնակչության ընդհանուր վճարունակությունը համապատասխաներ պարենային ապրանքների պահանջարկին: Սակայն աղքատությունը երկրում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, բավական բարձր է եւ խոչընդոտում է լիարժեք սնմանը:

Խորհրդային վիճակագրության տվյալներով, 1987 թվականին մեկ շնչին ընկնող մսի մսամթերքի օգտագործումը հասել է ռեկորդային ցուցանիշի` 62,5 կգ:

Հիշեցնենք, որ 1960 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 40 կգ, այսինքն այդ ժամանակահատվածում այն ավելացել է 22,5 կգ-ով, կամ մոտ 1,6 անգամ: Այսպիսով, այն ժամանակ միջինը մեկ շնչին բաժին է ընկել օրական ավելի քան 171 գրամ միս կամ մսամթերք:

Համաձայն Հայաստանի նվազագույն պարենային զամբյուղի` մսի եւ մսամթերքի կիրառման օրական չափաբաժինը կազմում է 48,3 գրամ: Այսինքն, 123 գրամով, կամ էլ 3,5 անգամ պակաս վերակառուցման տարիների ցուցանիշից: Կա, իհարկե, կասկած խորհրդային վիճակագրության հարցում, որը հակված է «որոշ» չափազանցություններ անելուն:

Սակայն կա համոզմունք, որ այդ մոտեցումը արմատական փոփոխություններ է կրել` դեպի լավը: Այնպես, որ նշված համեմատությունները, իրական են: Չկա անհրաժեշտություն համեմատել կաթնամթերքի, ձկնեղենի եւ այլ սննդամթերքների տվյալները, քանի որ ստեղծվում է նույն պատկերը, ինչ մսամթերքի դեպքում:

Այսպես, կարեւորագույն սննդամթերքների կիրառման գործում, ընդհանուր առմամբ, անկում է նկատվում:

Ժամանակին Արեւմուտքի շատ տնտեսագետներ մի շարք ապրանքների, այդ թվում սննդամթերքի դեֆիցիտը բացատրում էին տնտեսության` ոչ արդյունավետ պլանային համակարգով, շուկայական հարաբերությունների բացակայությամբ եւ մասնավորապես տնտեսության բոլոր ոլորտների նկատմամբ պետության վերահսկողության սահմանմամբ:

Կարճ ասած, շատ արեւմտյան փորձագետների կարծիքով, չարիքի աղբյուրը սոցիալիստական համակարգն է: Սակայն Չինաստանի օրինակը հերքեց այդ հավակնոտ կարծիքը: Կարելի է եզրակացություն անել, որ ոչ թե բարեփոխումների «ցուցադրումը», այլ դրանց ամբողջական իրականացումը կարող է նման սենսացիոն արդյունքների հանգեցնել: