Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործի շրջանակներում Թուրքիայի մի շարք նահանգներում թվով 30 հասցեներում խուզարկություններ են սկսվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  խուզարկություններն ընթանում են 1997-ի փետրվարի 28-ի իրադարձությունների ժամանակ դերակատարություն ունեցած բարձրաստիճան զինվորականների բնակարաններում։

Նշվում է, որ ոստիկանների ձեռքում է 31 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում։ Նախնական տեղեկություններով, արդեն կան ձերբակալված մի քանի գեներալներ։

Նշենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։