Ռուբեն Հայրապետյանը, որ մի քանի անգամ դուրս է գալիս, հեռուստացույցով, ինտերնետով ցույց են տալիս կարծում է, թե ինքը աստղ է դարձել իրեն ճանաչում են, իսկ մյուսներին ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելի» ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը: Նա պատասխանեց NEWS.am-ի եւս մի քանի հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Արզաքանցյան, այսօր Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով Ձեր անձի շուրջ լրագրողներից մեկի հարցին ասել է. «Իսկ կարելի՞ է իմանալ` ո՞վ է Տիգրան Արզաքանցյանը: Կներեք` տեղը չեմ բերում, չեմ ճանաչում»: Այնինչ` նշել է, որ իր կուսակից Մանվել Բադեյանին շատ լավ ճանաչում է: Նրա հետ անձնական խնդիրներ ունեցե՞լ եք, ինչով էր այս հայտարարությունը պայմանավորված:

Ինքը դրանով արտահայտել է, որ չի ճանաչում իր կուսակցին, բայց ժամանակին իր հետ հաց ենք կիսել, որը հարամել է:

Որքան հասկացա անձնական խնդիրներ կան, եթե կարելի է մանրամասնեք, թե խոսքը ի՞նչ խնդիրների մասին է:

Գիտեք ինչ, ինքը լավ գիտի, թե ինչ խնդիրներ են, ես չեմ ցանկանում արտահայտվել:

Խոսքը ֆինանսակա՞ն, անձնակա՞ն, թե այլ խնդիրների մասին է:

Ոչ, խոսքը ֆինանսական խնդիրների մասին չէ: Իսկ Մանվել Բադեյանին ես հաջողություն եմ ցանկանում ընտրություններում: Նա իսկապես լավ նորմալ անձնավորություն է: Մենք հին մտերիմներ ենք եւ ես հաջողություն եմ ցանկանում նրան: Ընտրություններին թող խնդիրներ չունենա եւ լավ հաջող ընտրվի: Դա ի՞նչ արտահայտություն է, չգիտես, չես ճանաչում: Ինքը, որ այդպես է ասել, ես իրենից շատ շնորհակալ եմ, քանի որ նման մարդը շատ ավելի լավ է, որ չի ճանաչում ինձ, ես իր հետ խնդիր չունեմ:

Պարոն Արզաքանցյան, իսկ կոչ անելո՞ւ եք, թե Ձեր ընտրողները ում տան իրենց ձայնը:

Ես կոչ եմ անելու, որ մարդիկ իրենց ձայները տան ՀՀԿ-ին, որովհետեւ ես ՀՀԿ-ի խորհրդի անդամ եմ: Գտնում եմ ճիշտ կլինի, որ ժողովուրդը ՀՀԿ-ին իր ձայնը տա: ՀՀԿ-ն այսօր ամենահզոր կուսակցությունն է` գաղափարով, հզորությամբ եւ աշխատանքով: Ինչ վերաբերում է, ես գնամ ասեմ Մանվել Բադեյանին  ընտրեք շատ լավ կլինի, ապա ես նման բան չեմ կարող ասել: Ես Մանվել Բադեյանի հետ պրոբլեմ չունեմ, ինքը լավ տղա է, բայց ես նման բան չեմ կարող ասել: Ինքը պետք է իրեն դրսեւորի այնպես, որ իրեն ընտրեն եւ վաղն էլ իր խոստումները կատարի իր ընտրողների առջեւ:Այլ հարցերում, եթե Աստված չանի խնդիր լինի, ես կարող եմ միշտ իր կողքին լինել:

Իսկ Ձեր ընտրազանգվածը չհամոզե՞ց, որ դնեք ձեր թեկնածությունը:

Առանց չափազանցնելու 1000-ից ավելի զանգ եմ ստացել, կամ որ եկել էի Հայաստան 200-ից ավելի մարդ էր եկել համոզում, որ առաջադրվեմ: Նույնիսկ այնպիսի մարդիկ, որ չեմ էլ ճանաչել: Իմ մեջ ես հպարտություն եմ զգում, որ ժողովրդի վստահությունը վաստակել եմ եւ ապացուցել եմ, որ ես իրենց պետք եմ: Հիմա խմբակցություն էլ իր աշխատանքն է կատարում, ինչ ասեմ հաջողություն եմ ցանկանում:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Ամբողջական հարցազրույցը կհրապարակենք ավելի ուշ: