Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված Տիգրան Գրիգորյանը պատրաստվում է իր մրցակիցների հաշվեհամարներին գումար փոխանցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Գրիգորյանը` նշելով, որ նրանց հաշվեհամարին կփոխանցի մի սիմվոլիկ գումար, իսկ թե կոնկրետ ինչքան, նա չցանկացավ նշել:

Ո՞րն էր ձեր թեկնածությունն առաջադրելու շարժառիթը:

Մենք գտնում ենք, որ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից մեկ թեկնածուն աղետ է: Կարծում ենք, որ այդպիսի ընտրատարածք չպետք է լինի, որտեղ իրարից տարբերվող թեկնածուներ չկան: Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրողն ունենա ընտրություն կատարելու մեծ հնարավորություն: Մեր առաջադրումով փորձել ենք նաեւ նման խնդիր լուծել: Չգիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը եւս կառաջադրվի, բայց լավ է, որ այդ բեւեռը եւս եկավ: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ հստակ կա ընդդիմության թեկնածու եւ իշխանության թեկնածու, եւ ունենք մարդ, ով պարզապես ցանկանում է խոսել ժողովրդի խնդիրներից` անկախ քաղաքական դիրքերից: Կան խնդիրներ, որ անկախ քո հայացքներից, դու տեսնում ես ժողովրդի ցավը, ըմբոստությունը, վրդովմունքը եւ այդ արտահայտելու մի հնարավորություն ես ստեղծում: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն, բայց երբ դա արվում է անվանարկելով եւ անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելով, սպառվում է դրանք լուծման դաշտ տեղափոխելու հեռանկարները: Առանց որեւէ համագործակցության, հնարավոր չէ լուծել այդ խնդիրները, որպեսզի խնդիրների լուծման կամուրջները վերջնական չայրենք, մենք վիրավորանքների դաշտ չենք մտնի:

Խնդիրների մասին եք խոսում, կարելի է եզրակացնել, որ դժգո՞հ եք Սամվել Ալեքսանյանի աշխատանքից, քանի որ նա է այդտեղից տարիներ շարունակ ընտրվել պատգամավոր:

Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ Սամվել Ալեքսանյանի աշխատանքին, ժողովուրդը ամեն ինչ տեսնում եւ գնահատում է: Առկա խնդիրները պայմանավորված չեն միայն նրա անձով, դրանք գլոբալ են, կապված են շատ բաների հետ:

Կարծիք կա, որ ձեր ընտրատարածքում հիմնական մրցակցությունը կծավալվի Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Ալեքսանյանի միջեւ, քանի որ նրանք ավելի հայտնի են հանրությանը:

Կարելի է հայտնի լինել լավ եւ վատ առումներով, իմ ոչ հայտնի լինելը իմ զինանոցի մի մասն է կազմում: Ժողովրդի հետ իմ հանդիպումներում շատ եմ լսել, որ իրենք հոգնել են թե մեկից, թե մյուսից:

Այսինքն, դուք կարծում ենք, որ նրանք վա՞տ առումներով են հայտնի:

Ես չէի ցանկանա գնահատակններ տալ, համենայն դեպս ժողովուրդը հոգնել է թե Նիկոլ Փաշինյանից, թե Սամվել Ալեքսանյանից:  

Ո՞ւմ եք համարում ձեր գլխավոր մրցակիցը` Սամվել Ալեքսանյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Վարդան Վարդանյանին:

Բոլորն էլ ունեն իրենց ընտրազանգվածը, չեմ ուզում անշնորհակալ գործ անեմ, կանխատեսումներ անեմ, թող ժողովուրդը որոշի, թե ով է լինելու երկրորդը:

Գո՞հ եք ընտրարշավի ընթացքից, ունե՞ք ընտրազանգված, մարդիկ գալի՞ս են ձեր ետեւից:

Դեռեւս ընտրարշավի գագաթնակետին չի հասել, մենք աստիճանական զարգացման տակտիկա ենք ընտրել: Այս պահի դրությամբ չեմ ուզում գնահատականներ տալ, գործընթացը հարթ, սահուն հունի մեջ է, կան դիտարկումներ, որոնք գոհացուցիչ չեն օրինակ` ժողովրդի մեջ նկատվում է որոշակի վախվորածություն այլընտրանքային թեկնածուներին չընտրելու առումով, գուցե դա պայմանավորված է նրանով, որ իրենք մեզ չեն ճանաչում, չգիտեն մեր ծրագրերը եւ այլն: Այդպիսի խնդիրներ կա, նկատվում են, բայց դրանք ահասարսուռ չեն:

Հնարավո՞ր է ինքնաբացարկ հայտնեք, սպառնալիքներ եղե՞լ են ձեր հանդեպ:

Այս պահին նման մտադրություն չունեմ, թեեւ, հաշվի առնելով Հոկտեմբերյանի դեպքերը, ոչ ոք ոչ մի երաշխիք չունի: Իմ մոտ ընթացքը շատ լավ է, բարենպաստ է, այդ մասին չեմ մտածում, մտադիր եմ մինչեւ վերջ շարունակել ընտրապայքարը: Բայց եթե ընտրապայքարը ցույց տա, որ մրցունակ չենք, մեր առաջադրած գաղափարները ժողովրդի կողմից աջակցություն չեն գտնում, հանրային պահանաջարկ մեր նման գործիչների նկատմամբ չկա, մենք սթափորեն կգնահատենք իրավիճակը եւ շատ հնարավոր է, որ ինքնաբացարկ տամ: Ոչ մի սպառնալիք որեւէ մեկի կողմից չի եղել, նաեւ պետական մարմինների հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել:

Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում ինքնառաջադրված Տիգրան Գրիգորյանից բացի առաջադրվել է Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ-ից) «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ-ից), ինչպես նաեւ ինքնառաջադրվել է Վարդան Վարդանյանը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի բաժնի պետի տեղակալ է: