Ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Ե.-ի հարցը նրա նախկին փեսան` Դավիթ Ծաղիկյանը խոստանում է հասցնել նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Դավիթ Ծաղիկյանը, ում 6 տարեկան որդուն Լեւ Լ.-ն խլել է նրանից:
Դավիթ Ծաղիկյանի խոսքով, այնպիսի բացահայտումներ կանի երկրի նախագահի մոտ, որից ակնհայտ կդառնա, որ երկրի դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ արդարադատության նախարարությունը բոլորը հանցագործներ են: Վերջինս, երեկ հացադուլ էր հայտարարել Ազգային անվտանգության ծառայության մոտ եւ նույն օրն էլ դադարեցրել, քանի որ նրան ընդունել է պետի տեղակալներից մեկը եւ խոսացել, որ սեղմ ժամկետներում խնդրին լուծում կտան: Դավիթ Ծաղիկյանը կարծում է, որ սույն խնդիրը նաեւ Ազգային Անվտանգությանը վերաբերող խնդիր է ու, եթե 1 շաբաթից խնդրին դրական լուծում չտվեցին, կդիմի Սերժ Սարգսյանին: Իսկ, եթե Սերժ Սարգսյանն էլ չկարողանա խնդրին լուծում տալ, նոր կդիմի Եվրադատարան:
«Ինձնից որ մի փորձանմուշ չեն վերցրել, ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել եւ 1000 դոլար գումար եմ վճարել ու ոչ մի կտրոն չեն տվել: Դատարանից թող այդ կտրոնը տրամադրեին ինչո՞ւ չեն տրամադրել: Իսկ, եթե այդ կտրոնն էլ չկա այդ եզրակացությունը անվավեր է եւ այս ծանր հանցագործության մեջ եմ մեղադրում իրավասու մարմիններին: Այն պարզ պատճառով, որ իրենից առանց փորձանմուշ վերցնելու եզրակացություն են ներկայացրել, թե իմ որդին ուրիշից է ու նրան խլել ինձնից»,- ասաց Դավիթ Ծաղիկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Դ. Ծաղիկյանի, դատարանն օրենքի կոպիտ խախտումներով, 2008-ին, իրենից խլել է 6-ամյա որդու հետ շփվելու իրավունքը: Պատճառաբանությունն այն է եղել, թե ինքը չէ երեխայի հայրը: «Անգամ նախկին կնոջ հայրը դատարանում հայտարարել է, թե ինքն է քնել սեփական դստեր հետ եւ այդ երեխան իրենն է»,-ասել էր նա: Դ. Ծաղիկյանը, ով հիմա պայքարում է իր 6 տարեկան որդուն վերադարձնելու համար, ներկայացրել էր նաեւ իր չկայացած ընտանիքի նախապատմությունը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Դավիթն ամուսնացել է ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Ե-ի դստեր` Գայանե Ե-ի հետ: Ամուսնությունից երկու տարի անց արդեն ընտանիքում վեճեր են եղել: Կնոջ հայրը` գնդապետ Լեւ Ե-ն, Ռուսաստանից վերադառնալով, Դավիթին զգուշացրել է, թե երեխային խլելու է նրանից:«Արդեն դատական գործընթացի ժամանակ ասացին, որ իրենք հարուստ են եւ ես իրենց հարստության համար եմ Գայանեի հետ ամուսնացել: Հետո էլ նախկին կնոջս հայրը դատարանում հայտարարեց, թե իր աղջիկը անբարոյական է եւ երեխան ուրիշից է ունեցել, բայց այդ ուրիշը մինչ օրս չի հայտնվել: Ավելին` դատարանում Լեւ Ե-ն հայտարարեց, որ ինքն է քնել իր դստեր հետ ու այդ երեխան իրենն է»,- մանրամասնել էր Դավիթը:
Նա պատմեց, որ նշանակվել է նաեւ երեխայի դատագենետիկական փորձաքննություն` Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում: «Նրանք փորձեցին ինձ գումար առաջարկել, որ ես հրաժարվեմ այդ փորձաքննությունից, հակառակ դեպքում, ասելով, որ եթե հրաժարվես մենք փողը կտանք` կկեղծենք: Փորձագիտական կենտրոնում առանց որեւէ փորձանմուշ վերցնելու եզրակացություն վաճառեցին նրանց, որ իբր երեխան ինձնից չէ: Դատարանը հիմք ընդունեց եւ հայցս մերժեց: 4 տարի է գլխավոր դատախազին ներկայացրել եմ, որ ակնհայտ կեղծ եզրակացություն է տրամադրվել, բայց ոչ մի արձագանք: Բազմաթիվ անգամներ դիմել է նաեւ Արդարադատության նախարարությանը եւ կրկին, ոչ մի դրական լուծում»,- ավելացրել էր Դավիթը, հավելելով, որ բազմաթիվ անգամ միջնորդություններ է ներկայացրել կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար, սակայն արդյունք չի ստացել:NEWS.am-ը զրուցեցել էր նաեւ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանի հետ: Վերջինս, թեեւ չհիշեց, թե խոսքն ում մասին է, բայց հավատացրեց, որ առանց փորձանմուշ վերցնելու չէր կարող եզրակացություն տալ: Ավելի ուշ, երբ այցելեցինք նրան նա չտրամադրեց վերցված փորձանմուշը պատճառաբանելով, որ արդեն դատական ակտը կա եւ պարտավորված չէ փորձանմուշները տրամադրել:NEWS.am-ը զանգահարում է նաեւ Ե-րի բնակարան, նրանց արձագանքները լսելու համար վերը նշված մեղադրանքներին, սակայն մեր զանգերը շարունակաբար մնում են անպատասխան:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























