Այլ երկրներից Հայաստան նախորդ տարի՝ 2011թ, ներկրվել է 100 գրամ մարդու մազ, մինչդեռ 2010թ այդ թիվը կազմել է 183 կգ, ըստ որում՝ապրանքը ներմուծվել է կգ-ը 1000 դոլար մաքսային արժեքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեից։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանից մարդու մազ չի արտահանվում, բայց տարբեր երկրներից այն ներկրվում է չնչին քանակությամբ։ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում մազի բիզնեսի հետ առնչություն ունեցած վարսավիրներից մեկը պատմեց, որ Հայաստան մազ ներկրվում է Մոսկվայից, Դուբայից, Չինաստանից, իսկ ամենաորակյալ մազերն՝ ասիականն են։

NEWS.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են կանգնած մազի բիզնեսի հետեւում, մասնավորապես՝  ովքեր են Երեւանի անցումներում, կանգառներում հանդիպող «Կգնեմ մազ, կախված երկարությունից՝ 30-300 հազար դրամով» հայտարարության հեղինակները, ինչ նպատակով են գնում եւ ինչու։

Այսպես, NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց այդ հայտարարության հեղինակներից մեկին եւ ներկայացավ որպես հաճախորդ։ Նշելով, որ մեր մազի երկարությունը 80 սմ է, Զեյթուն վարչական շրջանում գործող վարսավիրներից մեկը, ով զբաղվում է այդ բիզնեսով, նախ մի փոքր զարմացավ, հետո ասաց, որ պետք է նայի, այդպես շատերն են ասում, սակայն հետո պարզվոմ է՝ 50 սմ է։ «Էդ կարգի մազերի 100 գրամը 25-30 հազար դրամ է մինչեւ 300 հազար դրամ»,- նշեց նա՝ առաջարկելով այցելել վարսավիրանոց ավելի մանրամասն զրուցելու համար։

NEWS.am-ի փոքրիկ մոնիթորինգը վարսավիրանոցների եւ վարսավիրների շրջանում ցույց է տալիս, որ մազեր գնում են հիմնականում, առանձին անհատները, վարսավիրները եւ գեղեցկության սրահները։ Անհատ գնորդները մշակում են մազերն ու վերավաճառում գեղեցկության սրահներին, օրինակ՝ գնորդը 80 սմ երկարությամբ մազը գնում է մոտ 30.000 դրամով, իսկ մշակելուց հետո գեղեցկության սրահներին վաճառում է մոտ 90.000 դրամով: Փաստորեն,  վաճառողի համար ամենաշահավետը գեղեցկության սրահներն են, քանի որ այդ դեպքում միջնորդ չկա։

Մազի բիզնեսի սպառման «շուկայում» ամենաշատ կիրառվողը մազատեղադրումն է, որն արվում է սառը գելով կամ սոսնձով, ամրակներով, հյուսքով: Մազատեդադրման մի քանի տեսակ կա՝ պարիկներ, շինյոններ, երկարեցում, խոպոպներ, ֆիզեներ եւ այլն: Այսօր ամենակիրառվողը երկարացումն է՝ բնական մազափունջ, որը կարվում է հաճախորդի մազերին ստորին հատվածից ու նրան երկար մազեր ունեցողի տեսք տալիս: Շինյոնները գրեթե ամբողջությամբ իրենց տեղը զիջել են նարաշիվանիային, քանի որ սա ավելի բնական տեսք է հաղորդում մազերին: Իսկ պարիկները համեմատաբար քիչ են կիրառվում, օգտագործում են միայն դերասանները: Եթե մազատեղադրման այս տեսակներն առօրյա օգտագործման համար են, ապա երեկոյան վարսահարդարման մեջ օգտագործվում են նաեւ առանձին մազափնջեր` լոկոններ, ֆիզեներ եւ այլն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մազատեղադրում անող վարսավիրներից մեկը նշեց, որ արտասահմանում մազատեղադրման բոլոր տեսակներն ավելի թանկ արժեն, քան` Հայաստանում։ Եթե արտերկրում երկարեցումն արժե մինչեւ 1500 դոլար, ապա երեւանյան գեղեցկության սրահներում այն, կախված երկարությունից, արժե 300-600 դոլար, պարիկներ ու շինյոնները՝ 200-500 դոլար։

Պատրաստեց Ինգա Մարտինյանը