«Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ապրիլի 15-ին, այցելել են Արմավիրի մարզի Արշալույս, Քարակերտ, Դալարիկ, Մյասնիկյան, Հոկտեմբեր, Նոր Արմավիր, Արմավիր, Մեծամոր, Էջմիածին բնակավայրեր, ուր հանդիպել են ընտրողների հետ:
Հանդիպումների ընթացքում ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» ցուցակի այլ անդամներ՝ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ Թեւան Պողոսյանը եւ վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:
Նոր Արմավիրում Սուրբ Դավթի եւ Արշալույսում Սուրբ Կարապետի տոնի կապակցությամբ, նրանք մասնակցել են ուխտագնացություններին, ապա մի շարք գյուղերում «քաղաքական զբոսանք» ունեցել:
Դալարիկ գյուղում Ալեքսանդր Արզումանյանը ժողովրդին կոչ է արել չհավատալ կեղծ բարերարներին ու կեղծ ընդդիմադիրներին, ովքեր մի ձեռքով ստորագրում են համաձայնագրեր` մյուս ձեռքով ընտրակաշառք բաժանում, եւ կոչ է արել մոլորության մեջ չհայտնվել: Նա բարձր է գնահատել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության աշխատանքը անցած 5 տարիների ընթացքում` նշելով. «Այս փոքրաթիվ խմբակցությունը նոր մշակույթ ներմուծեց Հայաստանի խորհրդարան եւ, ընդհանրապես, քաղաքական դաշտ»:
Մեծամորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Բախշյանը նշել է. «Խորհրդարան անցնելով ես լուծելու եմ Մեծամորի բնակչության բոլոր մնացած խնդիրները` կապված պոլիկլինիկայի վերականգնման, ավագ դպրոցի հիմնանորոգման, Մեծամորով անցնող Արմավիրի մարզի հիմնական կոյուղագծի կարգավորման, այգեգործական տնտեսությունների սեփականաշնորհման հետ»:
Էջմիածնում դիմելով ընտրողներին` Անուշ Սեդրակյանը նշել է. «Իրական պատգամավորը չի գնում խորհրդարան` թիկնապահներով շրջապատված, իրական պատգամավորը չի ներկայանում իբրեւ ընդդիմություն եւ հետո մոռանում իր առաքելությունը, իրական պատգամավորը կրում է իր ուսերին պատասխանատվությունը սեփական երկրի եւ իր ժողովրդի առջեւ»:
Մյասնիկյան գյուղում, ի զարմանս «Ժառանգության», պատվիրակությանը դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները` բնակիչների իսպառ բացակայության պայմաններում, եւ փորձել են գյուղում շրջելիս ուղեկցել «Ժառանգության» ցուցակի անդամներին՝ դա պատճառաբանելով, իբր, վերջիններիս անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:




























