Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ապրիլի 15-ին տեղի ունեցած «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ում տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել Սոնա Շահգելադյանը, իսկ տարվա լավագույն երգիչ՝ Էրիկը։
Ներկայացնում ենք NEWS.am-ի հարցազրույցը Սոնա Շահգելդյանի հետ։
Ի՞նչ կարծիք եք, ինչո՞ւ հենց Դուք արժանացաք «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանը։
Մրցանակը ինձ համար անակնկալ չէր, ես դրան սպասում էի դեռեւս 2010թ, կարելի է ասել՝ այն ուշացավ։ Որովհետեւ դեռեւս 2010թ, 2011թ ես մեծ աշխատանքներ եմ կատարել, բազմաթիվ մրցանակների եմ արժանացել։ Կարծում եմ՝ այս տարի շատ արդար է եղել ընտրությունը, ոչ թե որ ինձ են տվել, դրա համար, այլ իրոք արդար էր: Եվ նաեւ նրա համար, որ ես եւ Էրիկը ստացանք մրցանակը։
Այսինքն, արդար ասելով՝ նկատի ունեք, որ Ձեզ եւ Էրիկին ծանոթով չեն ընտրել։ Իսկ նախորդ տարիներին արդար չէ՞ր։
Էրիկը շատ լավ երգիչ է, ունի ձայն, չի կարելի անտեսել դա։ Այս տարվա ժյուրին ճիշտ է վարվել, արդար է եղել, որովհետեւ եղել են շատ պրոֆեսիոնալ մարդիկ, անցյալ տարի՝ ես չգիտեմ՝ այդպես եղել է, թե` ոչ: Ավելի շատ մեկի կարծիքն էին հաշվի առնում, բայց այս տարի ընդհանուր կարծիքն են հաշվի առել։ Օրինակ՝ Էրիկը 2011թ «Նոր ալիք» մրցույթում արժանացավ «Հանդիսատեսի համակրանքին» եւ այս տարի իրեն տվեցին այդ մրցանակը, փաստորեն իրեն ավելի շուտ գնահատեցին, քան ինձ։ Իսկ ես հաղթեցի, բայց չտվեցին ոչ 2010թ, ոչ 2011թ. այլ 2012թ։
Ի՞նչ տվեց ձեզ այս մրցանակը։
Իմ կյանքում բան չփոխվեց, այս տարի առաջին մրցանակը չէ, այդպես էլ բնականաբար պետք է լիներ, այս տարվա մեջ որպես տարվա լավագույն երգչուհի, սա արդեն իմ երրորդ մրցանակն է։ Ես չեմ փոխվում ու չեմ փոխվի, եթե փոխվող լինեի, ավելի քան 10 տարի է բեմում եմ, շուտ կփոխվեի: Սա իմ առաջին ու վերջին մրցանակը չէ, լիքը միջազգային մրցանակներ ունեմ, նույնիսկ տեղ չունեմ դնեմ։ «Նոր ալիքի» մրցանակն ինձ համար ամենաբարձրն է, ինչի էլ արժանանում եմ, դա է ինձ համար ամենակարեւորը։ Բայց միշտ էլ ուրախ եմ, որ իմ հայրենիքում արժանացա այդ մրցանակին։
Եթե դուք լինեիք ժյուրին, ո՞ւմ կընտրեիք։
Ես կընտրեի ձայնով, տաղանդով, աշխատասիրությամբ, ես չէի ընտրի տեսահոլովակների եւ արածների քանակով։ Ես կընտրեի այնպես, ոնց որ ընտրվեց, երգիչներից՝ Էրիկին, երգչուհիներից՝ ինձ, 2010-ին էլ ինձ կտայի, 2011-ին էլ ինձ կտայի։ Թող դա չդիտվի գոռոզություն, ես լիքը մրցանակներ ունեմ։ Ես ինձ մրցանակը կտայի ձայնի եւ աշխատանքի համար։ Ես արժանի եմ, որովհետեւ ես 2010թ այնպիսի մի մրցույթ եմ հաղթել, որ շատ դժվար է հաղթել առհասարակ, եւ ես ինձ տեսնում էի տարվա լավագույն երգչուհի։ 2010թ ես տեսահոլովակներ եմ նկարահանել,Մհերի հետ մեծ համերգ եմ ունեցել, 2011թ ունեցա մենահամերգ, տեսահոլովակներ, այսինքն՝ միշտ էլ ես աշխատում եմ։ Ինձ համար երգիչ, երգչուհին նա է, ով կարող է կենդանի հնչողությամբ երգել ու համերգ տալ։ Ինձ համար չկա տարվա լավագույն երգիչ, երգչուհի հասկացությունը, ինչ է նշանակում 2012-ին լավագույնն ես, 2013-ին՝ չէ։ Կամ լավն ես լինում, կամ՝ վատը։
Ի՞նչ ծրագրեր ունեք այս տարի։
Եգիպտոսում՝ Շարմ էլ-Շեյխում, հանգստանալու ժամանակ հնարավորություն ունեցա տեսահոլովակ նկարահանել, պարզ, հասարակ: Ինչ-որ ձեւականություններից հետեւից չեմ ընկել։ Շատ հիանալի երգ է՝ «Վերեւ նայիր», խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Արսեն Գրիգորյանի։ Շուտով դա եւ «Հարսի շոր» երգը կլինի եթերում, դրանից բացի՝ համերգներ եմ պլանավորել արտերկրում։ Միշտ աշխատել եմ, անակնկալներ անելու եմ, պարապ չեմ նստելու, տեղում չեմ դոփելու։ Ամենակարեւորը, որ լինեմ տարբերվող, չեմ սիրում կրկնվել։ Ես տարբեր ժանրերի եմ սովոր եւ տիրապետում եմ դրանց, որեւէ ոճ չունեմ, որովհետեւ կարողանում եմ տարբեր ժանրեր ներկայացնել։
«Հարսի շոր» երգը գուցե անձնական կյանքում նորությունների ակնա՞րկ է, հատկապես, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում Ձեզ մի երիտասարդ էր ուղեկցում:
Չէ, կապ չունի, անձնական կյանքում նորություններ չունեմ, որ ունենայի, բոլորը կիմանային, չէի հերքի։ Այդ երիտասարդը Հ1-ի աշխատակազմից էր, շատ լավ տղա է, իրենց հետ մոտ եմ, ավելի լավ է տղաների հետ շփվեմ, քան` աղջիկների։
2010թ որպես «Նոր ալիք» երգի մրցույթում հաղթած երգչուհի՝ ի՞նչ կասեք այս տարվա մասնակիցների մասին, ո՞վ կանցնի ընտրական փուլ, ո՞վ կկարողանա լավագույնս ներկայացնել Հայաստանը։
«Նոր ալիքին» պետք է պատրաստվել շատ լավ, դա դժվար միջազգային մրցույթ է, ես դա ինձ վրա գգացել եմ։ Ես Սուրեն Առուստամյանին եմ շատ հավանում։ Թող ոչ մեկն ինձնից չնեղանա, բայց ավելի շատ Սուրեն Առուստամյանն է համապատասխանում չափանիշներին։ Բոլորն էլ լավ երգիչներ են, բայց մրցույթի երգիչները լրիվ ուրիշ են, ամեն մեկը չի կարող դառնա մրցութային երգիչ։
Քանի որ բազմաթիվ երգիչ-երգչուհիներ մասնակցում են քարոզարշավին, կցանկանայի ճշտել՝ Դուք եւս մասնակցում եք, թե` ոչ։ Օրինակ՝ կմասնակցե՞ք ՀԱԿ-ի հետ քարոզարշավին։
Երբեւէ չեմ մասնակցել ընտրարշավներին եւ այս տարի էլ չեմ մասնակցում, պարզապես հրավեր չի եղել, չգիտեմ՝ ինչն է պատճառը, շատ բաներ չեմ ուզում չակերտները բացեմ։ Եթե հրավիրեին, կմասնակցեի, ես երգում եմ բոլորի համար, որեւէ կուսակցության մեջ չեմ։ Ով էլ հրավիրեր, կգնայի, ինչո՞ւ պետք է չգնայի, եթե աշխատում ենք, գումար են տալիս, կերգեի։ Գումար է պետք, եւ ես չեմ մեղադրում, որ մարդիկ գնում, մասնակցում են։
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը



























