Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ պատրաստ է քննարկել տարածաշրջանի բոլոր կենսական հարցերը, եթե բանավեճերի համար նախապայմաններ եւ սիրելի արտահայտություններ, օրինակ՝ «Հայաստանը զավթիչ է», չլինեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուի հայտարարությունը Հարավային Կովկասի դեմոկրատների հնարավոր համագործակցության մասին: Նման փորձը, ըստ Սարգսյանի, կուսակցությունն արդեն ունի, ինչպես հետխորհրդային տարածքի, այնպես էլ եվրոպական երկրների կուսակցությունների համագործակցության ծրագրերի շրջանակներում:

«Եթե մենք ողջամիտ առաջարկ ստանանք՝ բացատրությամբ, թե ինչ հիմքով են նրանք ցանկանում քննարկել թեմաները, այդ հարցը կքննարկենք մեր կուսակցությունում եւ վերջնական պատասխան կտանք»,- հայտարարել է Սարգսյանն ու նկատել, թե արդիական հարցերը քննարկելուն կուսակցությունը սկզբունքորեն պատրաստ է:

Անդրադառնալով փաստին, որ Ջալալօղլուն, անգամ համագործակցության առաջարկ անելով, չի խուսափել «Մենք Հայաստանը համարում ենք զավթիչ» արտահայտությունից, դեմկուսի առաջնորդը նշել է, թե պատրաստ է ադբեջանցիների հետ քննարկել անգամ Ղարաբաղի հարցը, «եթե բանավեճում կոնկրետ, հիմնավորված փաստեր ներկայացնեն, այլ ոչ թե ենթադրություններ»: