ԱՄՆ նախագահներից Աբրահամ Լինքոլնը ասել է. «Կարելի խաբել ոմանց որոշ ժամանակով, կարելի է խաբել բոլորին որոշ ժամանակով, բայց չի կարելի մշտապես խաբել բոլորին»: Հավանաբար, ոչ բոլոր քաղաքական գործիչներն են ծանոթ այս իմաստուն խոսքերին, այլապես ինչպես բացատրել նախընտրական արշավների ժամանակ պարբերաբար հնչող միեւնույն խոստումները:
Պատգամավորության բոլոր թեկնածուները, անկախ կուսակցական պատկանելությունից, այրվում են աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու ցանկությունից: Ուշագրավ է, որ կառավարող կուսակցության թեկնածուները խոստումների հարցում ավելի զուսպ են, եւ դա հասկանալի է, քանի որ նրանք, ովքեր ծանոթ են տնտեսական ներկայիս իրավիճակին, լավ են հասկանում շատ խոստումների անցողիկությունը:
Ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել աշխատավարձը, եթե մասնավոր հատվածում այս հարցն ամբողջությամբ կախված է հայրենական եւ արտասահմանցի գործարարների «բարի» կամքից: Նման հրաշքի համար կպահանջվի նավազագույն աշխատավարձի շեմի բազմակի բարձրացում: Սակայն, եկամտահարկի ոլորտում ներկայիս քաղաքականության պահպանման պարագայում նման հեղափոխական բարեփոխումները պետբյուջեին հսկայական վնաս կհասցնեն: Որպես տեղեկանք նշենք, որ անցած տարի պետբյուջեի հարկային եկամուտների 13%-ն ապահովել էր եկամտահարկը:
Բացի նշված «բարի» կամքից, աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ են նաեւ օբյեկտիվ նախադրյալներ: Մասնավորապես` աշխատանքի արտադրողականության բարձրացում, այստեղից էլ` թողարկվող ապարանքների կամ մատուցվող ծառայությունների ինքնարժեքի նվազում, ձեռնարկատիրական գործունեության ծավալների ընդլայնում եւ այլն: Այնպես որ, սկզբում պետք է փնտրել այդ խնդիրների արդյունավետ լուծման ճանապարհներ, հետո միայն աշխատավարձերի բարձրացման խոստումներ շռայլել:
Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա դրանց բարձրացման համար կպահանջվի զբաղվածների թվի ավելացում, որոնց աշխատավարձերից էլ պահվում են կենսաթոշակային հիմնադրամի պարտադիր վճարումները: Գործատուներն էլ այսպես կոչրված «սոցհարկ» են վճարում, որը մեր չափանիշներով արդեն իսկ բավականին բարձր է, եւ դրա հետագա ավելացումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման կամ զբաղվածության ոլորտում «ստվերի» ավելացման:
Որպես տեղեկանք նշենք, որ փետրվարյան միջին ամսական 114719 դրամ անվանական աշխատավարձից կենսաթոշակային հիմնադրամին աշխատողը վճարում է 3442 դրամ, իսկ գործատուն` 19736 դրամի չափով լրացուցիչ «սոցհարկ»: Այսպիսով «սոցհարկը» կազմում է միջին ամսական անվանական աշխատավարձի 17,2%-ը:
Կենսաթոշակի չափը միջին աշխատավարձին առավելագույնս մոտեցնելու համար պահանջվում է, որպեսզի յուրաքանչյուր կենսաթոշակառուի բաժին ընկնի 2-3 աշխատող: Սա նվազագույն հարաբերակցությունն է, դրանից պակասն արդեն կարող է խնդիրներ առջացնել:
Սակայն այս առումով մենք բավականին անմխիթար հարաբերակցություն ունենք` յուրաքանչյուր կենսաթոշակառուին միջինը բաժին է ընկնում մեկ աշխատող: Առանց բնակչության զբաղվածության ապահովման հարցի արդյունավետ լուծման` անհնար է հասնել կենսաթոշակների կտրուկ ավելացման: Իսկ զբաղվածության խնդիրն ինքնին բավականին բարդ է...
Այնպես որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո երկրային դրախտ ստեղծելու մասին շատ ֆանտաստիկ խոստումներ պարզապես լուրջ տնտեսական հիմնավորվածություն չունեն:
Ալբերտ Խաչատրյան



























