ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Բրազիլիայում մարմնավաճառի հետ կապված միջադեպը նկարագրելիս հակասել է Պենտագոնին:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, բրազիլական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ այդ երկրում գտնվող ամերիկյան ծովային հետեւակները ծեծել են մարմնավաճառի` նրան դուրս հրելով ընթացող մեքենայից:

Ապրիլի 24-ին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հաստատել էր տվյալ տեղեկատվությունը` հստակեցնելով, որ միջադեպին մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանության երեք թիկնապահներ եւ դեսպանատան մեկ աշխատակից: Նրանք մարմնավաճառին հրել են ընթացող մեքենայից, ընկնելու արդյունքում կինը կոտրել է անրակը:

Սակայն Պետդեպարտամենտում ապրիլի 25-ին ավանդական ճեպազրույցի ընթացքում Վիկտորյա Նուլանդը հայտնել է լրագրողներին,  որ իրականում ամեն ինչ այլ կերպ է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մեր տվյալներով, այն բանից հետո, երբ դեսպանության չորս հոգանոց  անձնակազմը լքել է գիշերային ակումբը, միջադեպում ներգրավված կինը փորձել է բացել ընթացող մեքենայի դուռը եւ նստել,- հստակեցրել է նա: -Նրան չի հաջողվել, նա ընկել եւ վնասվածքներ ստացել»:

Նուլանդը հայտնել է, որ Պետդեպը սեփական հետաքննությունն է անցկացրել եւ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել, որոնք նա չի մանրամասնել` հիմնավորելով, որ այդպիսին է Պետդեպի քաղաքականությունը: