Մոսկվայի օրինակով Սանկտ Պետերբուրգում ևս որոշել են մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն անցկացնել կրճատված ձևաչափով։ Ինչպես հայտնում է «Ֆոնտանկա»-ն, միջոցառումը նախատեսվում է առանց ռազմական տեխնիկայի ավանդական ցուցադրության։ Ըստ պարբերականի տվյալների՝ չի լինի նույնիսկ վերականգնված «Տ-34» տանկը, որը վերջին տարիներին սովորաբար առաջինն է բացում շքերթը։ Այս տարի շքերթին կմասնակցեն միայն ռազմական բուհերի կուրսանտները, սակայն նրանց թվում չեն լինի Նախիմովի ու Սուվորովի անվան ուսումնարանների սաներն ու կադետները։
Պալատական հրապարակում նախկին երեք տրիբունաների փոխարեն կտեղադրվի միայն մեկը, իսկ դիտահարթակն ընդհանրապես չի կառուցվի։ Եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ շքերթին տեղում կհետևի 5600 հյուր, ապա այժմ նրանց թիվը կրճատվել է շուրջ 18 անգամ՝ հասնելով 300-ի։ Ընդ որում, տրիբունաներից շքերթը դիտելու համար հրավիրվել են նաև «հատուկ ռազմական գործողության» վետերանները։ Ինչպես նշում է «Ֆոնտանկա»-ն, շքերթն այս ձևաչափով անցկացնելու որոշումը կայացվել է անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Պետերբուրգի նահանգապետն ու Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատարը։ Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում ռազմական տեխնիկայի շարասյուն չի լինելու։ Վերջին անգամ մայրաքաղաքում շքերթն առանց տեխնիկայի անցկացվել էր 2007 թվականին։
Կրեմլում հայտարարել են, որ շքերթի մի մասը չեղարկելու որոշումը կապված է Կիևի կողմից բխող «ահաբեկչական սպառնալիքի» հետ։ «Ձեռնարկվում են բոլոր միջոցները վտանգը նվազագույնի հասցնելու համար։ Շքերթը կկայանա, բայց եկեք չմոռանանք, որ անցյալ տարի հոբելյանական շքերթ էր, որը պետք է լինի միայն կլոր ամսաթվի դեպքում։ Այս տարեթիվը հոբելյանական չէ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ծանր տեխնիկայի մասնակցությունն անջատելու պրակտիկան Ռուսաստանում կիրառվել է 1995-ից 2007 թվականներին: Սակայն 2008 թվականից սկսած՝ Ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները, զրահամեքենաներն ու տանկերը կրկին վերադարձել են Կարմիր հրապարակ։ Ցուցադրված տեխնիկայի քանակով բացարձակ ռեկորդ է սահմանել 2015 թվականի հոբելյանական շքերթը, որին մասնակցել են տարբեր տարիների արտադրության 194 միավոր անիվավոր ու թրթուրավոր մեքենաներ, ինչպես նաև 140 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Ի հակադրություն դրան՝ հակառեկորդ է գրանցվել 2024 թվականին, երբ ներկայացվել է ընդամենը 61 միավոր տեխնիկա և 15 ինքնաթիռ։
Առայժմ անհայտ է, թե օտարերկրյա առաջնորդներից ովքեր կմասնակցեն 2026 թվականի շքերթին։ «Այդ մասին կհայտնենք ավելի ուշ»,— խոստացել է Պեսկովը։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին նշել է, որ Պուտինի հյուրերի թվում կլինեն մի քանի արտասահմանյան քաղաքական գործիչներ, սակայն կոնկրետ անուններ չի տվել։ Այս տարի Ռուսաստանում նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։





























