Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրոպայում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին արտահայտություններն արտացոլում են ԵՄ-ի իրական մոտեցումները և սեփական անվտանգությունն ապահովելու նրա անկարողությունը:

Ըստ Չելիքի՝ նման հայտարարությունները ցույց են տալիս Եվրամիության իրական մտադրությունները Թուրքիայի նկատմամբ: Նա նշել է, որ Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների գործընթացը ձգձգվում է և ուղեկցվում քաղաքականապես մոտիվացված չափանիշներով, ինչը, ինչպես նա է արտահայտվել, վկայում է ոչ թե «Եվրոպայի լուսավորության դարաշրջանի», այլ «քրիստոնեական ակումբ Եվրոպայի» մասին:

Չելիքը միաժամանակ ընդգծել է ԵՄ քաղաքականության հակասականությունը՝ մատնանշելով նրա դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունների, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա հարց է բարձրացրել թեկնածու երկրների նկատմամբ «երկակի ստանդարտների գաղափարական հիմքերի» մասին:

Բացի դրանից, «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունն այդպես էլ լիարժեք ռազմավարական ուժ չի դարձել և ի վիճակի չէ ապահովելու նույնիսկ սեփական անվտանգությունը ՆԱՏՕ-ի շրջանակում:

Ավելի վաղ ֆոն դեր Լայենը, անդարդառնալով ԵՄ ընդլայնման մասին, հայտարարել էր, որ միությունը պետք է ընդգրկի ամբողջ եվրոպական մայրցամաքը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի ազդեցությունը բացառելու համար: Դրանից հետո Անկարան Եվրահանձնաժողովից պարզաբանումներ է պահանջել, իսկ Բրյուսելում հայտնել են, որ ԵԿ-ի ղեկավարի խոսքերը կարող էին կտրված լինել համատեքստից, գրել է Bloomberg գործակալությունը։

Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին և բազմիցս դադարեցվել են։ Ներկա պահին բացված է բանակցային 35 գլուխներից 16-ը: