ԱՄՆ-ն այլ երկրներին առաջարկում է միանալ նոր միջազգային կոալիցիային, որպեսզի վերականգնվի նավերի անխափան անցումը Հորմուզի նեղուցով, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի հեռագրին։
«Այս նախաձեռնությունը, որը ստացել է «Նավագնացության ազատության ծովային կոալիցիա» (Maritime Freedom Construct, MFC) անվանումը, ներկայացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին օգտագործման հեռագրում, որը երեքշաբթի ուղարկվել է դեսպանատներ․ դրանում կոչ է արվում ամերիկացի դիվանագետներին հասնել նրան, որ արտասահմանյան կառավարությունները միանան նախաձեռնությանը», - հայտնում է պարբերականը։
Հեռագրի համաձայն՝ ԱՄՆ-ի գլխավորած նոր կոալիցիան կփոխանակվի տեղեկատվությամբ, կհամակարգի դիվանագիտական ջանքերը և կապահովի պատժամիջոցների պահպանումը։
«Հավաքական գործողություններն անհրաժեշտ են՝ ցույց տալու միասնություն, վճռականություն և էական ծախսեր պարտադրելու Իրանին, որը խոչընդոտում է նեղուցով տարանցմանը», - նշվում է տեքստում։
Ենթադրվում է, որ առաքելությունը կգործարկվի Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) համատեղ ջանքերով։
Ակնկալվում է, որ MFC-ն կլրացնի այլ միջոցները, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած նախաձեռնությունը՝ Օրմուզի նեղուցում անվտանգության ապահովման ուղղությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ծովային շրջափակումը արդյունավետ է, և ինքը մտադիր չէ այն վերացնել, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել իրանական միջուկային խնդրի շուրջ։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 17-ին հայտարարել էր Լոնդոնի և Փարիզի մտադրության մասին՝ գլխավորելու Օրմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման առաքելությունը, իսկ իրենց ներդրումը պատրաստակամություն էին հայտնել բերել նաև Հռոմն ու Բեռլինը։




























