ԱՄՆ վարչակազմը մայիսի 11-ից կսկսի վերադարձնել ներմուծման մաքսատուրքերի տեսքով ստացված այն միջոցները, որոնք դատարանի կողմից ճանաչվել են անօրինական։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ միջազգային առևտրի դաշնային դատարանի նյութերին։
Ինչպես նշվում է, այս պահին մշակվել է ներմուծման հայտարարագրերի ընդամենը 21%-ը։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնք հարկվել էին «Միջազգային արտակարգ իրավիճակներում տնտեսական լիազորությունների մասին» օրենքի (IEEPA) շրջանակում սահմանված մաքսատուրքերով։ Հայտարարագրերի 3%-ի մասով գումարների վերադարձի գործընթացն արդեն մեկնարկել է։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փոխհատուցումը կիրականացնի էլեկտրոնային վճարումների միջոցով։
Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, երբ IEEPA օրենքի պատրվակով մաքսատուրքեր է սահմանել այլ երկրների նկատմամբ։ Արդեն ապրիլի 24-ին Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը պետք է հետ վերադարձնի գանձված 159 միլիարդ դոլարը։





























