Եվրամիության այն երկրները, որոնք դեմ են արտահայտվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված կարգով անդամակցելու ծրագրին, մտադիր են դրա փոխարեն առաջարկել ինտեգրման «կրճատված» տարբերակ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ նախագիծը պատրաստ է եղել դեռ մեկ ամիս առաջ։ Եվրոպացի պաշտոնյաները սկսել են քննարկել այնպիսի բարեփոխումներ, որոնք թույլ կտան Ուկրաինային աստիճանաբար մերձենալ ԵՄ-ի հետ։ Փոխարենը Կիևից պահանջվում է շարունակել լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ փոփոխությունները։

Հոդվածում նշվում է, որ նոր առաջարկը Ուկրաինային հնարավորություն կտա ավելի հեշտ մուտք գործել եվրոպական շուկաներ և ավելի ակտիվորեն մասնակցել ԵՄ ծրագրերին ու կառույցների աշխատանքին։

Հիմնականում Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերով մշակված այս մոդելը ստացել է «արագացված աստիճանական ինտեգրում» անվանումը։ Բացի այդ, Կիևին կարող են առաջարկել նաև «միացող պետության» կարգավիճակ։ Ուկրաինան իր հերթին արևմտյան դաշնակիցներից պահանջում է «հստակություն» և տնտեսական օգնության ավելացում։