ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում անդրադառնալով Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու թեմային, հայտարարել է. «Թող խաղան», հայտնում է Associated Press-ը:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, դա բոլորովին այլ տոնայնություն է, քան մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր Իրանի ազգային հավաքականին՝ զերծ մնալ Աշխարհի առաջնության համար երկիր ժամանելուց:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ավելի վաղ՝ հինգշաբթի, ֆուտբոլային կառավարող մարմնի ամենամյա կոնգրեսում շեշտել էր, որ Իրանը կմասնակցի հունիսին մեկնարկող մրցաշարին:
«Լսեք, գիտե՞ք ինչ. թող լավ խաղան»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը ընդգծել է նաև Ինֆանտինոյի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքը. «Դե ինչ, եթե Ջանին է այդպես ասել, ես դեմ չեմ»,- նշել է Թրամփը:
Իրանն իր ելույթներն Աշխարհի առաջնությունում կսկսի հունիսի 15-ին Նոր Զելանդիայի դեմ խաղով, որը տեղի կունենա Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում:





























