ԱՄՆ Սենատն արդեն վեցերորդ անգամ դեմ է քվեարկել ռազմական լիազորությունների մասին բանաձևին, որը պահանջում էր դադարեցնել Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունները, քանի դեռ Կոնգրեսը պաշտոնապես չի հաստատել դրանք, հայտնում է NBC News-ը։
Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆի ներկայացրած բանաձևը չի ընդունվել. դեմ է քվեարկել 50 սենատոր, կողմ՝ 47։
Միակ դեմոկրատը, որը դեմ է քվեարկել բանաձևին, Փենսիլվանիայից սենատոր Ջոն Ֆետերմանն էր։ Փաստաթղթին կողմ են արտահայտվել երկու հանրապետականներ՝ Սյուզան Քոլինզը (Մեն նահանգ) և Ռենդ Փոլը (Կենտուկի)։
Քոլինզի քվեարկությունն առանձնահատուկ ուշադրության է արժանացել, քանի որ սա առաջին դեպքն է, երբ նա աջակցում է նման բանաձևին։
«Ինչպես ես ասել եմ Իրանի հետ այս ռազմական գործողությունների հենց սկզբից, նախագահի՝ որպես գլխավոր հրամանատարի լիազորություններն անսահմանափակ չեն»,- X սոցիալական ցանցում գրել է Քոլինզը։
«Սահմանադրությունը Կոնգրեսին առանցքային դեր է հատկացնում պատերազմի և խաղաղության հարցերում, իսկ Ռազմական լիազորությունների մասին օրենքը սահմանում է հստակ 60-օրյա ժամկետ, որի ընթացքում Կոնգրեսը պետք է կամ արտոնի ԱՄՆ-ի մասնակցությունը արտերկրում ծավալվող մարտական գործողություններին, կամ դադարեցնի այն։ Այդ ժամկետը հանձնարարական չէ, այլ պարտադիր պահանջ»,- ընդգծել է սենատորը։
Նա հավելել է, որ «Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունները պետք է ունենան հստակ առաքելություն, հասանելի նպատակներ և հակամարտության ավարտի որոշակի ռազմավարություն»։
«Ես քվեարկել եմ այս փուլում ռազմական գործողությունների շարունակումը դադարեցնելու օգտին, քանի դեռ նման փաստարկներ չեն ներկայացվել»,- հայտարարել է Քոլինզը։





























