ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի վարչակազմում ստացել է ևս մեկ անսպասելի դեր՝ հարսանիքներում դիջեյի դերը։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն X սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ Ռուբիոն դիջեյի վահանակի մոտ է, և գրել է․

«Հենց նոր կուլիսներից՝ մեր մեծ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև հարսանիքներում է դիջեյություն անում։ Ահա նա այսօր երեկոյան գործի մեջ՝ ընտանեկան հարսանիքում… Գնացինք!!!»։

Ռուբիոն, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հաճախ անվանում են «ամեն ինչի քարտուղար», միաժամանակ համատեղում է մի քանի պաշտոն՝ պետքարտուղարի, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԱՄՆ Ազգային արխիվի ղեկավարի։

Նա դարձել է առաջին պետքարտուղարը Հենրի Քիսինջերի ժամանակներից ի վեր՝ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմից հետո, որը միաժամանակ զբաղեցնում է նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

Հրապարակված տեսանյութում Ռուբիոն կանգնած է դիջեյի վահանակի մոտ՝ մեկ այլ տղամարդու կողքին, որը, ենթադրաբար, պրոֆեսիոնալ դիջեյ է, և, ականջին սեղմած մեկ ականջակալ, կենտրոնացած կերպով նոութբուքով ղեկավարում է երաժշտությունը։ Ֆլորիդայից նախկին սենատորը, ինչպես նշում են ԶԼՄ-ները, հարսանիքը վերածել է իսկական Մայամիի ոճի գիշերային ակումբի․ հյուրերը պարում էին՝ ձեռք ձեռքի տված շրջան կազմելով։ Թե կոնկրետ ում հարսանիքն էր դա, չի նշվում։

Մի պահ Ռուբիոն նույնիսկ նշան է տվել դիջեյին՝ արագացնել թրեքը։

Ինչպես նշում է New York Post-ը, Ռուբիոն Սպիտակ տանը դիջեյությամբ հետաքրքրվող միակը մարդը չէ։ Ինքը՝ Դոնալդ Թրամփը, վաղուց հայտնի է նրանով, որ անձամբ երաժշտություն է միացնում երեկույթների ժամանակ իր Մար-ա-Լագո նստավայրում։

Թրամփը հատկապես սիրում է մյուզիքլներից երաժշտություն, սակայն այն երգը, որի հետ նրան ամենից հաճախ են ասոցացնում, շարունակում է մնալ Village People խմբի YMCA-ն։ ԱՄՆ նախագահը բազմիցս այն անվանել է «Ամերիկայի գեյ-հիմն» և դրա ներքո կատարել իր հայտնի պարը։

Վերջերս Թրամփը խոստովանել է, որ իր կինը՝ Մելանիա Թրամփը, պարզապես տանել չի կարողանում այդ պարերը։

«Նրան դուր չի գալիս, երբ ես պարում եմ այն բանի տակ, ինչն երբեմն անվանում են «գեյ-հիմն»… Նա ասում է. «Սիրելի՛ս, խնդրում եմ, մի՛ պարիր։ Դա նախագահավայել չէ»», — պատմել է Թրամփը։